Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը պնդում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր ալիք է սպասվում:
«Եթե հիմա էլ հետեւենք Մինսկի համանախագահների, ամերիկացի եւ ռուս պաշտոնյաների հայտարարություններին, կտեսնենք, որ իրավիճակը եւս մեկ անգամ սրվելու է: Այսինքն, Արեւմուտքը ամեն ինչ անելու է, որ Ալիեւը մի անգամ էլ հարձակվի, որովհետեւ Ալիեւին կանգնեցրել են այլընտրանքի առջեւ՝ կամ դու պատերազմ ես հրահրում կամ քո մոտ մայդան է լինելու»,- ասաց Արման Բոշյանը՝ առանց նշելու, թե արտասահմանցի պաշտոնյաների, որ հայտարարություններից է հասկացել հնարավոր սրացումների մասին:
Մեր դիտարկմանը, թե Ալիեւ-Սերժ Սարգսյան վերջին հանդիպմանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց սահմանի խաղաղությունը պահպանելու հարցում, մեր զրուցակիցը շարունակեց.«Շատ բան խոստացավ Ալիեւը, բայց ասելով չի որոշվում, այլ՝ գործով, ինչը չենք տեսնում: Էդ մարդն ուրիշ ընտրություն չունի կամ պետք է լարվածություն ստեղծի սահմանին կամ իր գլուխը կուտեն: Արեւմուտքն էլ բնական է, որ նման քայլերի պիտի հրահրի, որովհետև իրեն ձեռք չի տալիս նոր աշխարհաքաղաքական խաղացողի՝ եվրասիական տնտեսական միության ի հայտ գալը, որի հետ հետո պետք է դուքով խոսեն»:
Ըստ նրա, չնայած անվանմանը՝ տնտեսական միություն, աշխարհաքաղաքական նոր միավոր է ձեւավորվում ու աշխարհաքաղաքական լուրջ բախումներ են սկսվել. «ԵՏՄ-ն իրականում ձեւավորում է աշխարհաքաղաքական ուժ: Ինչի արդյունքում կոնֆլիկտները սրվելու են ՝ ե՛ւ տեղական, ե՛ւ տարածաշրջանային: Որովհետեւ այս գործընթացները ուղղված են նրա դեմ, որ եւս մեկ խաղացող աշխարհում չձեւավորվի, որովհետեւ, երբ ձեւավորվում է, տուժում է մեկ այլ համակարգ, որը ձեւավորված է դոլարի շուրջ: Իրավիճակը պատերազմական է, լարումներ, դոլարի, ռուբլու բարձրացում, նվազում, բանկային համակարգի ոչ ստաբիլ վիճակ»:
Կարդացեք նաև
Արման Բոշյանի մեկնաբանմամբ, ԵՏՄ-ն չի սպառնում Հայաստանի ազգային ինքնությանը, հակառակը.«Այն նպաստում է՝ մենք պահպանենք մեր ազգային ինքնությունը, որովհետեւ այս միությունը՝ ի տարբերություն եվրոպական միության, մեր ազգային ինքնության դեմ ոչ մի բան չի ուղղում , առնվազն մեր պատմությունը, արժեհամակարգը կարող ենք պահել: Եվրոպական միության դեպքում, մեզ նման բան չէին առաջարկում, հակառակը առաջարկում էին փոխել մեր արժեհամակարգը: Ասում են՝ ինչու չընտրեցիք Արեւմուտքը, բայց Արեւմուտքը եվրոպական միությանը երբեւէ մեզ անդամակցություն չի առաջարկել: ԵՏՄ-ից էլ եթե հրաժարվեինք, հայտնվելու էինք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետեւ այսօր արդեն մեկուսացման մեջ ենք մեր դիրքով, պատերազմական վիճակով, Թուրքիայի հետ հարաբերություններով:
Հայաստանը փոքր է, բայց ամբողջ եվրասիական տարածքի վրա ազդեցություն ունի՝ վետոյի իրավունքով, կարող ենք բլակիրովկա անել օրինակ Ադրբեջանին, այսինքն, իրավական ազդեցություն ենք ստանում՝ ինչ է թե այդ միության անդամ ենք: Այ, եթե Եվրոպական միությունը մեզ անդամակցություն առաջարկեր՝ վետոյի իրավունքով, իսկ մենք շատ կարեւոր տարածք ենք, մենք կարող էինք դառնալ, այդ դեպքում կարելի էր մտածել՝ ԵՏՄ, թե՞ Եվրոպական միություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ձուկն էլ երբ կուլ է տալիս խայծը և կարթը մնում է կոկորդին, անվերջ թափահարում է պոչը և օգնություն հայցում նույնիսկ ձկնորսից:Ձուկ է, սիրում է լողացող հույսը, բայց ախորժակն է խանգարում…