Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդոյաններին նախագահականի դիմացից բռնի ուժով հանել են, որ Պուտինի առաջ խայտառակ չլինե՞ն

Նոյեմբեր 28,2014 21:11

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Խուդոյաններն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի գործով նախնական դատական նիստը (նախագահող դատավոր՝ Գևորգ Սոսյան): Հիշեցնենք, որ հայցվորներ Աշոտ Խուդոյանն ու Հեղինե Մակարյանը ՀՀ ոստիկանապետի դեմ դատական հայց են ներկայացրել՝ Աշոտ Խուդոյանի՝ հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու, հայցվոր Հեղինե Մակարյանի՝ հավաքների ազատության,ազատ տեղաշարժի իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Մասնավորապես Խուդոյանները դատարանում վիճարկում են ՀՀ ոստիկանության այն փաստարկները, թե ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նստացույց անող Խուդոյանների ընտանիքին ոստիկանության ներկայացուցիչները տարհանել են:

Հայցվոր կողմը դատարանի դահլիճում միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Աշոտ Խուդոյանը, Հեղինե Մակարյանը, նրանց հարևանները, Խուդոյանների հետ առնչված լրագրողները և Էմմա Սահակյանը, ով ականատես է եղել, թե ինչպես են բռնի ուժող նախագահականի դիմացից Խուդոյաններին տանում, որպես վկաներ ցուցմունք տան: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը առարկեց: Նախագահող դատավորը մերժեց միջնորդությունը՝ Աշոտ Խուդոյանին ու Հեղինե Մակարյանին որպես վկա ներգրավել՝ պատճառաբանելով, թե որպես վկա ներգրավում են մասնակիցներին միայն այն դեպքում, երբ եղած ապացույցներն անբավարար են: Տվյալ դեպքում դատավորը կարծում է, որ չեն սպառվել ապացույցների ձեռքբերման հնարավորությունները:

Հայցվոր կողմը պնդում է, որ իրենց ոստիկանությունը նախագահական նստավայրից հեռացրել է բռնի կերպով: Միջնորդությունը դատարանը մասամբ բավարարեց: Հաջորդ դատական նիստին որպես վկա ցուցմունք կտան Խուդոյանների հարևանները:

Դատական նիստը հետաձգվեց, նախնական դատական նիստ նշանակվեց  դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Հեղինե Մակարյանը մտահոգություն հայտնեց, թե

դատարանը իրենց միջնորդությունը մասամբ բավարարեց ըստ իր հայեցողության ու շարունակեց. «Էմմա Սահակյանը, որ տեսել է, թե ոնց են մեզ նախագահականի դիմացից բռնությամբ տանում, կամ լրագրողը, որ տեսել է Աշոտ Խուդոյանի մարմնի վնասվածքները, նրանց՝ որպես վկա դատարան ներկայանալու միջնորդությունը չբավարարվեց, այնինչ այդ դեպքում շատ բան կպարզվեր»:

Հեղինե Մակարյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 2-ին իրենց բռնությամբ հանել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացից՝ պատճառաբանելով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է այցելելու, ու չէին ցանկանում, որ նա տեսներ բողոքող ընտանիքին: Հեղինե Մակարյանը պատմեց. «Դեկտեմբերի 1-ից մեզ Էջմիածնի ոստիկանապետը խնդրում էր, որ դուրս գանք, բայց ինչպես կատարեինք նրա խնդրանք, երբ դրանից տասնհինգ օր առաջ Աշոտին իր հրահանգով էին տարել հոգեբուժարան, փակել: Ո՞նց կլսեինք նման մարդու խնդրանք: Այնուամենայնիվ, քնած ժամանակ մեզ տարել են: Ես հերքում եմ ոստիկանության ներկայացուցչի ասածը, թե ահազանգ են ստացել, դրա համար են մեզ իբր տարհանել: Մեզ չեն տարհանել, բռնի կերպով տարել են, իսկ ահազանգը կարծում եմ իրենք են եղել»:

Նշենք նաև, որ ընտանիքը հայտնվել էր նախագահականի առաջ, քանի որ կարծում էր, որ ցանկանում են ոչ օրինական կերպով իրենց տունն իրեն ձեռքից խլել: Սակայն ինչպես տեղեկացրեց Հեղինե Մակարյանը, այս հարցով Խուդոյանների հայցը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 26-ին բավարարել է, և նրանք իրենց սեփականության տերն են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930