Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարիկ Սմբատյանը մոնումենտալ արվեստի հիմնադիրն է»

Նոյեմբեր 28,2014 20:36

Գույներ, խոհեր, հիշողություններ ու անցած ճանապարհ.վաստակավոր նկարիչ Գարիկ Սմբատյանի մասին հիշեցրել են ոչ միայն իր՝ ուրույն ձեռագրով ստեղծված կտավները, այլև  նրա հետ ճանապարհ անցած մարդիկ,ընտանիքի անդամները, արվեստագետներն ու արվեստասերները:

1904278_242783322568966_2093778466_n

Այսօր Նկարիչների միության ցուցասրահում, իր իսկ ծննդյան օրը, բացվեց վաստակավոր գեղանկարիչ Գարիկ Սմբատյանի՝ 85 ամյակին նվիրված հետմահու անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի ՝ կյանքի տարբեր ժամանակահատվածների գործերը՝ պատանեկությունից մինչև կյանքի վերջին տարիներ, և կտավից կտավ ցուցասրահի այցելուները զգում էին հեղինակի կենդանի ներկայությունն իր փոթորկուն մտքով, գունային հետաքրքիր լուծումներով ու չկրկնվող ձեռագրով:

Ցեղասպանություն, Արարատ, բնություն, դիմանկարներ. «ավանդական» թեմաները նկարչի մատուցմամբ դառնում են միայն իրենը՝ գույնով, տրամադրությամբ ու ասելիքով:

DSC01635 DSC01638 DSC01645 DSC01652 DSC01659 DSC01671

Գարիկ Սմբատյանի դուստրը՝ Նարա Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր՝ եղբոր հետ միասին, իրագործեցին իրենց վաղեմի երազանքը. կարողացան նկարչի ծննդյան օրը նրա հիշատակին նվիրված ցուցադրություն կազմակերպել, նաև տպագրել կտավների հավաքածուն: Ցավոք, չի հաջողվել ցուցահանդեսում ներկայացնել բոլոր գեղանկարները. դրանց մի մասը գտնվում են աշխարհի այլ ցուցասրահներում, որոշներն էլ անհատական հավաքածուների մաս են կազմում:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը նույնպես այս օրն է ծնվել, ասաց. «Ես հաճույքով եմ այսօր խոսում, քանի որ իմ ավագ ընկերոջ՝ Գարիկ Սմբատյանի ստեղծագործություններին եմ անդրադառնում: Անձամբ ես շատ բան եմ սովորել իրենից՝ և՛ ընկերական հարաբերություններում, որ մենք ունեցել ենք, և՛ նրա արվեստից: Արվեստ, որը մինչ այսօր այնքան բարձր չի գնահատված, ինչքան որ արժանի է: Եվ այս ցուցահանդեսը թող սկիզբ լինի՝ այսուհետ մեր մեծերին ավելի հաճախ հիշելու և լավ ճանաչելու համար: Գարիկ Սմբատյանը մոնումենտալ արվեստի հիմնադիրն է: Իր գիտելիքները Լենինգրադից Հայաստան բերեց, ու իր շնորհիվ է, որ այդ ասպարեզը ծաղկեց ու վերելք ունեցավ: Ես նույնպես որոշ  մոնումենտալ գործեր եմ արել՝ աչքիս առաջ ունենալով Գարիկի ստեղծագործությունները»:

Պարոն Աղամյանը նշեց, որ նկարիչը, բացի իր արվեստանոցից, մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի նկարիչների միության գործունեության ասպարեզում: Նա հիշում է՝ ինչքան էր Գարիկ Սմբատյանը բարությամբ լցված առ մարդիկ: Իր սաների հետ հավասարը հավասարի պես էր շփվում ու փորձում սեփական աշխատանքների միջոցով սեր տարածել արվեստի հանդեպ: Երիտասարդներին ամենայն հաճույքով էր ծանոթացնում գեղանկարչության գաղտնիքներին:

Օրվա հանդիսավոր մասից հետո հյուրերին անակնկալ մատուցվեց. արխիվային տեսանյութ, որտեղ Գարիկ Սմբատյանը խոսում է իր արվեստի մասին:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 2-ը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930