«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանն այսօրվանից ճանաչվել է տուժող։ Գլխավոր դատախազության կարգադրությամբ՝ երկրորդ անգամ է վերացվում քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ-ի որոշումը, ըստ որի`Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա։
«Դա մի քիչ հուսադրող է, որ դատախազությունը ի վերջո որոշում կայացնի այս գործով, որը ձգձգվեց եւ ծիծաղելի վիճակի մեջ մտավ»,- ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։
Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ 0-ից նորից քրեական գործ պետք է հարուցվի։
Սա կլինի նույն գործով՝ երրորդ քննությունը։ Նախորդ երկու քննությունների ժամանակ, Մարինե Խաչատրյանը կանչվել է հարցաքննության վկայի կարգավիճակով։
«Այստեղ ակնհայտորեն երեւում է, որ ՀՔԾ-ն չի ուզում օբյեկտիվ քննություն վարի։ Երբ լրագրողը տուժել է, հարված է ստացել, այս պարագայում հանցագործություն չի տեսնում, կարծում եմ, այդպիսի քննիչը իրավունք չունի այդ համակարգում աշխատել»,- նշում է Աշոտ Մելիքյանը։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+» -ի կայքում