Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:
Կոլեգիայի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված խիզախ հայորդիների հիշատակը:
Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերում հայրենասիրական արժեքների դաստիարակման և ազգային բանակի լավագույն ավանդույթների ձևավորման խորապատկերում կարևորեց քննարկվող հարցերի արդիականությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ բանակաշինության արդի փուլի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշանաբանը և այն կյանքի կոչելուն միտված բազմաթիվ միջոցառումները 2014թ. ընթացքում տվել են իրենց դրական արդյունքները և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:
Պաշտապանության նախարարի ներածական խոսքից հետո «Զինված ուժերում ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության գործընթացը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:
Պաշտպանական բարեփոխումների ներկա փուլում զինված ուժերի մարտունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը հայրենասիրական ու բարոյական արժեքներով զինվորի ձևավորումն է: Ընդգծելով նշված իրողության արդիականությունը հայ զինվորականությանը, հասարակության տարբեր շերտերին հոգեպես ու գիտակցորեն շաղկապելու առումով` գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը ներկայացրեց տարեսկզբից մինչ օրս վարչության կողմից իրականացված տարաբնույթ ծրագրերը, միջոցառումներն ու 2015թ. աշխատանքային հիմնական ուղղությունները:
Այնուհետև հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցի թեման էր` «Բանակի և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցության միջոցով արատավոր բարքերի դեմ պայքարի ընթացքը»: Համակողմանի վերլուծության միջոցով ներկայացնելով զինված ուժերում արատավոր բարքերի դեմ մղվող պայքարի, բարեկրթության ու բարեվարքության կանոնների ամրապնդմանն ուղղված զգալի աշխատանքների արդյունքները, այդ պայքարի շրջանակում 2014թ. ընթացքում անցկացված միջոցառումները, հետազոտական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, Վարդան Ավետիսյանը փաստեց, որ զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման, արատավոր երևույթների, քայքայիչ աղանդների գործունեության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ընդհանուր առմամբ տվել են իրենց դրական արդյունքը, սակայն խնդիրը շարունակում է մնալ հրատապ և դրա հաղթահարումը առավել քան հետևողական ջանքեր է պահանջում:
Կոլեգիայի նիստի ընթացքում զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումների, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների, հայրենասիրական արժեքների ուղենիշների և նմանաբնույթ այլ հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ակտիվ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվեց մի շարք հանձնարարականներ և հստակ ժամանակացույց սահմանեց աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարություն