Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակման ենթարկված ակտիվիստ. «Ռեժիմը մնացել է նախնադարում, չի հասկանում, որ նման ակտերը մեզ չեն վախեցնում»

Նոյեմբեր 28,2014 18:44

Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը, որը գլխին ուժեղ հարված ստանալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանը տեղեկացրեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:

Գեւորգ Սաֆարյանը պատմեց, որ երեկ երեկոյան ժամը 18-ին ինքը դուրս է եկել Նախախորհրդարանի շենքից եւ գնացել դեպի Խանջյան-Թումանյան խաչմերուկում գտնվող կանգառը, որտեղ էլ ենթարկվել է հարձակման. «Երբ հասա կանգառ, իմ հետեւից բութ գործիքով հարվածեցին գլխիս, ես ուշագնաց եղա, ընկնելուց հետո էլ ինձ սկսեցին հարվածել»:

Գեւորգը չի տեսել, թե ովքեր են իր վրա հարձակվողները եղել եւ, թե քանի հոգի են նրանք եղել, քանի որ հենց առաջին հարվածից ուշագնաց է եղել: Նա չի հիշում, թե ինչպես է կարողացել վերադառնալ Նախախորհրդարան, որտեղից կանչել են շտապ օգնություն եւ տարել հիվանդանոց: Հիվանդանոցում նրան պահել են մեկ օր: Գեորգի գլխին երեք կար է դրվել:

Ոստիկանությունից Գեւորգից վերցրել են հաղորդում հանցագործության մասին:

Գեւորգ Սաֆարյանը իր վրա հարձակումը եւ նոյեմբերի 26-ին եւ 27-ին Նախախորհրդարանի անդամներից վեցի մեքենաների հրկիզումը որակում է որպես ռեժիմի կողմից գործադրվող հերթական ճնշում նախախորհրդարանի վրա. «Սա մարդկանց ահաբեկելու միտում ունի, սակայն, քանի որ մեր ռեժիմը մնացել է նախնադարում, ինքը չի հասկանում, որ նման ակտերը մեզ ավելի ոգի են տալիս, քան վախեցնում»:

Նշենք, որ նոյեմբերի 26-ին եւ 27-ին հրկիզվել էին հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, նաև Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները:
Բոլորն այն մեքենաներն էին, որոնք մասնակցել էին  «100 ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթին:

Քրեական գործ է հարուցվել միայն Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ:

Նախախորհրդարանի անդամները, ըստ Գեւորգ Սաֆարյանի, շարունակելու են իրենց պայքարը. «Մաքսիմում մինչեւ ապրիլի 24-ը ռեժիմը հեռացվելու է: Եթե ոչ, հենց ապրիլի 24-ին է հեռացվելու»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930