«Իմ դիմումը, որն ուղարկել էի մոտ երեք ամիս առաջ, ընդունվել է Եվրադատարանում: Եվրադատարանից նամակ եմ ստացել, որով տեղեկացվում է, որ գործն ընդունվել է վարույթ և քննելու են իմ գործը, հո ողջ երկրագունդը կեղծ չէ՞»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի պատճառով Փայլակ Հայրապետյանը կորցրել էր ողջ ունեցվածքը: Գործարարը դիմել է ՀՀ բոլոր դատական ատյաններ, սակայն մերժում ստացել:
Եվրադատարան դիմելու փաստի վերաբերյալ պարոն Հայրապետյանն ասաց հետևյալը. «ՀՀ-ում կա մի ատյան, որը չի ընդունում: Երեք տարի է բոլոր ատյաններին դիմում եմ, բոլոր տեղերն էլ մերժում են»:
Մեր հարցին` ի՞նչ սպասելիքներ ունի Եվրադատարանից, պարոն Հայրապետյանը պատասխանեց` նշելով, «հո ամբողջ երկրագունդը կեղծ չէ՞» ու մանրամասնեց. «Ես ունեմ սպասելիք նաև ՀՀ նախագահից, ՀՀ վարչապետից, ՀՀ գլխավոր դատախազից ու այսօր, որ իմ ամբողջ գործունեությունը քննում է, քննչական վարչությունից, քանի որ ես արդար ու մաքուր եմ, ես ոչ մեկի տունը չեմ քանդել, իմ ունեցվածքը դրել եմ, որ տասը հազար բանվոր աշխատի, իսկ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ գումարները վերցրել է, քցել իր հաշվին, բերել այստեղ, ոսկի առել, ես տեղեկություն չունեմ: Այս ամբողջի պատասխանատվությունն ընկնում է նախկին վարչապետի, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի վրա»:
Կարդացեք նաև
Փայլակ Հայրապետյանը հավաստիացրեց, որ «իր ունեցվածքը տվել է, որ հայ կանայք ու աղջիկները չգնան Իրան իրենց մարմինը վաճառելով գումար աշխատեն», այնուհետև նշեց. «Ես այդ գումարները նպատակային եմ տվել նախկին վարչապետին, Աշոտ Սուքիասյանին չեմ ճանաչել, ես ճանաչել եմ ՀՀ նախարարին, ես վարչապետին եմ տվել այդ փողը, պետությանը: Կամ իմ խելքը չի հասել, կամ վստահությունը այնքան մեծ է եղել, որ նախարարությունում տվել եմ իմ ունեցվածքը, չեմ ասել, թե եկեք պայմանագիր կնքենք: Ես հավատացել եմ, որ պետության հետ գործ ունեմ, ի՞նչ իմանամ, որ բոլորը խուլիգան են»:
Փայլակ Հայրապետյանը նշեց, թե ՀՀ նախագահը պետք է եզրահանգում կատարի, որ երկրում ներդրումներ չեն կատարվում այն պատճառով, որ նման նախադեպ կա, երբ գործարարը ներդրում է արել, նախկին վարչապետն այն գողացել է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փայլուն հաղթանակ Փայլակ Հայրապետյանին:Հաղթանակն անխուսափելի է:Անփորձանք մնա, որ վայելի հաղթանակի պտուղները:Փորձված աղվեսների և շակալների թակարդները պատրաստ են:Եվրադատարանը չի կաշառվելու:
Միանում եմ Դավիդի կարծիքին:Հրեա կոլեգան դիպուկ է ու անողոք,ինչպես միշտ