ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ այսօր քննության դրվեց ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմինների վրա հսկողություն իրականացնող գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Ա.Փանոսյանի բողոքը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Վարդանյանին դատապարտել է հինգուկես տարվա ազատազրկման: Նա նաեւ նախկինում դատապարտվել է երեք անգամ:
Դատարանը Հայկ Վարդանյանի նախկինում երեք անգամ դատված լինելու համար արձանագրել էր, որ նա կատարել է միջին ծանրության հանցագործություն:
Կարդացեք նաև
Միջին ծանրության կամ վտանգավորի դեպքում համաներում է կիրառվում, մինչդեռ առանձնապես վտանգավորի դեպքում այն չի կիրառվում:Դատախազի բողոքի հիմքում դրված է այն, որ Հայկը կատարել է առանձնապես վտանգավոր հանցագործություն, եւ առաջին ատյանի դատարանն էլ «սխալ» է կիրառել համաներումը, որը համաներման մասին ԱԺ որոշման դրույթների «ոչ ճիշտ կիրառման» կարող է հանգեցնել: Ըստ դատախազի, Հայկին մեղմ են դատել, ինչը հանգեցրել է նաեւ նյութական իրավունքի խախտման:
Պաշտպան Արտավազդ Փարսադանյանն անհիմն համարեց դատախազի բողոքը, միջնորդեց, որ այն մերժվի:
Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը դիմելով ամբաստանյալին՝ ասաց.
-Երեք անգամ դատվել եք, մի իրավաբան էլ դուք եք:
Հայկ Վարդանյանը դիմեց դատախազին, ասելով, Աստված մի անգամ իրեն՝ հիվանդ կալանավորին համաներում է պարգեւել, իսկ դատախազն անհիմն խոչընդոտում է:
Ի դեպ, Հայկ Վարդանյանը տարիներ առաջ «Առավոտին» հայտնել էր, որ կուրացել է ազատազրկման վայրում:
Դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը, իսկ կույր դատապարտյալը շնորհակալություն հայտնեց դատարանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ