«Հայաստանի քաղաքական ընտրանու 90 տոկոսը սպասարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, 10 տոկոսը՝ Ռուսաստանի»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնարարականով. «Հայաստանը իր քաղաքական ընտրանու պատճառով գտնվում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, բայց մի պայման կա, որ Ռուսաստանը իր մոտ տարածքներում ավելի հզորություն ունի եւ կարող է որոշակի քայլեր անել: Ռուսաստանը Հայաստանում բավարար ուժ ունի, որպեսզի ցանկացած իշխանության սրբի եւ դնի իր իշխանավորին, իսկ Միացյալ Նահանգները հասցրել է Հայաստանի ողջ պետական համակարգը դարձնել ամերիկյան: Հիմա, եթե ռուսները ղեկավարին հանեն եւ դնեն ռուս որեւէ ղեկավար, ապա այդ ողջ բուրգը փլվելու է, իսկ Միացյալ Նահանգները չի ուզում կորցնել այդ բուրգը, այդ իսկ պատճառով նրանք մեր ղեկավարությանը թույլ տվեցին, որ Ռուսաստանի ճնշման տակ ստորագրեն այդ համաձայնագիրը, իրենք պահպանվեն, մինչեւ ավելի հաջող իրավիճակ կլինի, Ռուսաստանը ավելի թուլացած կլինի, այդ ժամանակ ավելի հանգիստ կկատարենք այդ վերադարձը»:
Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ Հայաստանի կուսակցությունները սպասարկում են փողին: Նրա խոսքերով՝ եթե հայաստանյան կուսակցությունները չեն հայտարարում այն մասին, որ փողը իրենց Աստվածը չէ եւ այն ճանապարհը, որով հնարավոր կլինի դուրս գալ այդ իրավիճակից, ապա նրանք բոլորը սպասարկում են նույն փիլիսոփայությանը. «Հայաստանում բոլոր կուսակցությունները գտնվում են այդ դաշտում, քանի որ ոչ մեկի ծրագրի մեջ չկա այդպիսի դրույթ: Կուսակցությունների փոփոխությունը չի բերելու կյանքի փոփոխության. Նրանք բոլորը սպասարկում են մի Աստծու՝ փողին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Աշոտ Մանուչարյան = ռուսական ագենտ: