Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Շիրակի մարզային ոստիկանությունից, դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, դանակահարել են 1979 թվականին ծնված Երեմ Վարդանյանին, որն աշխատում է լոկոմոտիվային դեպոյում ՝որպես մեքենավարի օգնական:
Տարվում է քննություն՝ պարզելու հանցանքը կատարած անձի ինքնությունը: Տուժածին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, նրա վիճակը ծանր կայուն է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդված 112-ը, որը կոչվում է Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, նախատեսում է
- Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ