Նոյեմբերի 28-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում հանդիսավոր հայտարարվեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռուսաց լեզվի դպրոցական օլիմպիադայի արդյունքները: Հիշեցնենք, որ մասնակիցները շաբաթ օրը, նոյեմբերի 22-ին շարադրություն էին գրել «Նրանց սխրանքն անմահ է» թեմայով:
Չնայած որ Օլիմպիադային բացի երևանյան ավագ դպրոցներից, մասնակցել էին նաև Չարենցավանի, Էջմիածնի, Սևանի, Մարտունու, Սիսիանի դպրոցի աշակերտները, երեք մրցանակային տեղն էլ զբաղեցել են Երևանի դպրոցների սաները:
Այսպիսով` Երևանի առաջատար բուհերի դասախոսներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, առաջին տեղը գրավել է համար 83 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Տաթևիկ Բաղդասարյանը, երկրորդ տեղը` «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Օլգա Գրիգորյանը, իսկ երրորդ տեղը` Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի սան Էրիկ Անանյանը:
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թյությունջյանը դիմեց դպրոցականներին և ուսուցիչներին. «Շատ ուրախ ենք տեսնել ձեզ այսօր մեր դահլիճում: Ձեր շարադրությունների գնահատման գործը մենք ամբողջովին վստահել ենք պրոֆեսիոնալ ժյուրիին: Մի գաղտնիք բացեմ` նրանք գոհ են ձեր աշխատանքներից: Ինչը նշանակում է, որ ուսուցիչների աշխատանքից էլ են գոհ»:
Իր հերթին ժյուրիի անդամ, ԵՊՀ Հումանիտար ֆակուլտետների համար ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Թերեզա Միջիֆերջյանը նշեց, որ «Մոսկվայի տանը» դպրոցական օլիմպիադաներ անցկացնելը բարի ավանդույթ է դարձել, և ամեն անգամ շատ հետաքրքիր թեմաներ են առաջարկվում, իսկ Մեծ հաղթանակի թեման առավել ևս հետաքրքիր է: «Ընդհանուր առմամբ, ձեր շարադրություններից տպավորությունը դրական է», – ասաց նա:
Առաջին երկու տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան պլանշետային համակարգիչներ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը` DVD և խաղային համակարգ:
Բացի այդ, մարզերի դպրոցների մասնակիցները, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները նվեր ստացան գրքեր:
Մամլո հաղորդագրություն