«Ցայգ» հեռուստաընկերության տեղեկացմամբ, երեկ գիշեր հերթական ծեծկռտուքն է գրանցվել Գյումրու Սևերսկի թաղամասում գտնվող «Ռիո» գիշերային ակումբում:
Այս կապակցությամբ Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ Առափի գյուղից երկու երիտասարդներ, որոնք խոպանչիներ են ու մոտ ընկերներ, գալով ակումբ, խմել- հարբել են ու իրար քաշքշել: Երբ նրանց վիճաբանությանը խառնվել է ակումբի տերը՝ 35-ամյա Արտակ Շահինյանը, փորձելով բաժանել վիճաբանողներին, երիտասարդներից մեկը՝ 24-ամյա Սամվել Սայաթի Զիրոյանը գարեջրի շշով հարվածել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ կոպերի ու ճակատի շրջանում:
Ոստիկանության փոխանցմամբ, քանի որ ակումբը գտնվում է Առափի գյուղի մոտակայքում, այս գյուղի բնակիչների համար հաճախ է ծառայում որպես ժամանցի վայր: Aravot.am-ը Առափի գյուղի գյուղապետ Ալբերտ Այվազյանից ճշտեց, թե իրո՞ք գյուղացիները հաճախ են օգտվում գիշերային ակումբից, և մի՞թե այն չի խանգարում գյուղի բնականոն կյանքին, ասենք չի՞ գայթակղում իրենց երիտասարդներին ու այսպես ասած՝ դուրս գցում : «Ոչ , այդ ակումբից հիմնականում օգտվում են ռուսական բանակի զինծառայողները ու նաև գյումրեցիները: Ակումբը 1 կիլոմետր է հեռու մեր գյուղից, սակայն երբ ես անցնում եմ ակումբի մոտով, հազվադեպ ավտոմեքենաներ եմ տեսնում, որը պատկանում է մեր գյուղացիներին: Անկեղծ ասած, ցավ ապրեցի, որ նման դեպք է գրանցվել մեր գյուղացիների մասնակցությամբ: Ակումբի տերը՝ Արտակը, ևս մեր գյուղում է բնակվում, նրանք Գյումրիից են, սակայն երկրաշարժից հետո բնակվում են մեր գյուղում: Խելոք, համեստ տղա է: Զարմացած եմ, որ Սամվել Զիրոյանը նրան հարվածել է, Սամվելն այնքան կիրթ, չափած-ձևած ընտանիքի երեխա է, երեք եղբայր են ու ոչ մեկին առ այսօր չեմ տեսել բարձրաձայն խոսելով: Նա բանակ գնաց, կարգին ծառայեց, եկավ, հիմա էլ գնում է ՌԴ արտագնա աշխատանքի, դեռ ամուսնացած էլ չէ» , -ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ այս նույն ակումբում սեպտեմբերի 29 –ին մեկ այլ գիշերային սկանդալ էր տեղի ունեցել, այդ անգամ ոստիկանության աշխատակցի անմիջական մասնակցությամբ, որը ևս հարբելով, գիշերային արկածներ էր սկսել Տիգրան անունով երիտասարդի հետ:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Ցայգ հեռուստաընկերության կայքի