Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց 92 տոկոսը չունի աշխատանք: Սակայն Life ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ունենալ աշխատանք եւ ստանալ ուսում, ավելի քան 400 քաղաքացի ստացել է աշխատանքի հնարավորություն:
Հաշմանդամների միջազգային օրվան՝ դեկտեմբերի 3-ին ընդառաջ, այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Ես աշխատում եմ» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող այն անձանց լուսանկարները, որոնք գտել են աշխատանք, զբաղվում են իրենց սիրելի գործով եւ գրանցել են հաջողություններ իրենց բնագավառում: Նրանք աշխատում են արտադրամասերում, տարբեր հասարակական կազմակերպություններում, զբաղվում են ոսկեգործությամբ, գորգագործությամբ, սովորում են նոր արհեստներ, իրենց ներդրումներն են ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ այլն: Ֆոտոցուցահանդեսը կազմակերպել էր «Ունիսոն» հ/կ-ն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող LIFE ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսին ներկա «Ունիսոն» հ/կ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը Aravot.am-ին պատմեց, որ ցուցահանդեսի հիմնական նպատակն այն է, որպեսզի 8 տոկոս հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, որոնք ունեն աշխատանք, մեծանա եւ գոնե հասնի 19-20 տոկոսի. «Ցուցահանդեսի միջոցով մենք կոչ ենք անում այն մարդկանց, որոնք ուղղակի չեն մտածել, որ հնարավոր է նման բան, որ հաշմանդամություն ունեցող անձինք աշխատեն, իրենց մեջ այդ կարծրատիպը կոտրեն, իսկ գործատուները լուրջ մտածեն, որ իրենց կարող են նման մասնագետները պետք գալ»:
Կարդացեք նաև
Նաեւ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են գործատուները վերաբերվում հաշմանդամություն ունեցող անձանց, ինչին մեր զրուցակիցը պատասխանեց, որ մեծամասամբ վատ են վերաբերվում, դեռեւս կա կարծրատիպ եւ խտրական վերաբերմունք. «Այն գործատուները, որոնք այս ցուցահանդեսին են ներկայացված, բոլորը շատ լավ են վերաբերվում եւ գոհունակությամբ նշում են, որ շատ ճիշտ քայլ են կատարել՝ վերցնելով նրանց աշխատանքի: Դա բարեգործություն չէ, աշխատանքը աշխատանք է, ոչ ոք պարտավոր չէ որեւէ բարի գործի համար ինչ-որ մեկին աշխատանքի ընդունել: Սակայն հիմնականում կա այն կարծրատիպը, որ «մեզ մոտ աշխատանք չկա հաշմանդամների համար»: Դա խտրական վերաբերմունք է»:
Պրն Ալավերդյանը նաեւ կողմնակից է ներառական կրթությանը, սակայն կիսում է այն կարծիքը, որ դեռեւս դրանից մեկուսացման «հոտ» է գալիս. «Երեխաները պետք է շփվեն: Երեխաների համար դա խնդիր չի: Անգամ այդ սայլակը կամ հենակը նրանց համար ավելորդ խաղալիք է եւ նրանց մոտ չկա խտրական վերաբերմունք կամ խղճահարություն: Իրենք մեծանալուց հետո են սկսում տարբերություն դնել: Դա ոչ միայն հաշմանդամների պարագայում է, այլեւ անգամ ազգային պատկանելության, կին-տղամարդ հարաբերություններում»:
Արմեն Ալավերդյանը վստահ է, որ ներառական կրթությունը ճիշտ գաղափար է, սակայն մեր երկրում այն դեռեւս ձեւական բնույթ է կրում. «Ավելի լավ է մի քանի տարի էլ սպասենք, բայց ունենանք լիակատար արդյունք՝ ամեն ինչով ապահովված՝ թեքահարթակներով, սանհանգույցով, սպորտդահլիճներով եւ այլ հարմարություններով»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ