Կեղտաջրերն այլեւս չեն աղտոտի Կեչուտի ջրամբարը
Ջերմուկ քաղաքի կոյուղաջրերը, որոնք, տարիներ ի վեր, առանց մաքրման, թափվել են Կեչուտի ջրամբար ու այնտեղից էլ հոսել դեպի Սեւանա լիճ, շրջակա միջավայրի համար այլեւս վտանգ չեն ներկայացնի: Ջերմուկից 7 կիլոմետր հեռավորության վրա «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում, Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ կառուցել է կեղտաջրերի մաքրման կայան՝ գերմանական բարձրակարգ սարքավորումներով: Կայանը կգործարկվի մոտ ժամանակներս: Մեխանիկական մաքրման ճանապարհով կառանձնացվեն 4 տեսակի նյութեր՝ մեծ ու մանր չափի կոշտ թափոնները, տիղմը, յուղային եւ ճարպային մասնիկները:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կեղտաջրերի մաքրման կայանների եւ կեղտաջրերի պոմպակայանների բաժնի պետ Սամվել Յաժյանը, կոյուղաջրերից առաջացած կեղտը կտեղափոխվի Մարտունու մաքրման կայանի տարածք ու կպահեստավորվի: Սամվել Յաժյանի խոսքերով, կեղտաջրերի մաքրման կայանի դիրքը պատահական չէ ընտրված, այն կառուցվել է ցածրադիր գոտում, քանի որ Ջերմուկի կեղտաջրերն ինքնահոս եղանակով պետք է հասնեն կայան: Իսկ քաղաքի այն թաղամասերը, որոնք ցածրադիր են, այնտեղից կեղտաջրերը դեպի կոյուղատար ցանց կմղվեն պոմպերով: Ընդհանրապես, այս կայանի տարածքը հեռանկարային է՝ հաշվի է առնվել այն, որ քաղաքի բնակչության թիվը կարող է ավելանալ: Բացի այդ, ապագայում ընկերությունը նախատեսում է նաեւ այդ տարածքում կենսաբանական մաքրման կայան կառուցել:
Կարդացեք նաև
Ջերմուկի կեղտաջրերի մաքրման կայանն աշխատելու է 110 լիտր/ վայրկյան հզորությամբ, այսինքն, ըստ ընկերության մասնագետի, օրական այն կարող է մաքրել 9500 մետր խորանարդ ջուր:
Նույն հզորությունն ունեն նաեւ արդեն շահագործման հանձնված Մարտունու եւ Վարդենիսի կեղտաջրերի մաքրման կայանները: Գավառի եւ Դիլիջանի մաքրման կայանների հզորությունը 220 լիտր/վայրկյան է: Այս կայաններն օրվա ընթացքում կարող են մաքրել 19000 մետր խորանարդ ջուր: Հետագայում նախատեսվում է կեղտաջրերի մաքրման կայան կառուցել նաեւ Սեւան եւ Մեծամոր համայնքներում, որը, միաժամանակ, կեղտաջրերի կենսաբանական մաքրում էլ կիրականացնի:
Անդրադառնալով Ջերմուկի կայանի աշխատանքներին, պարոն Յաժյանն ասաց, որ չնայած մաքրման այս կայանը մեխանիկական է, այդուհանդերձ, մինչեւ Սեւանա լիճ հասնելը ջուրը դառնում է անվտանգ: «Հայջրմուղկոյուղի» ընկերության մասնագետի խոսքերով, կայանից դուրս եկած ջրերը երկար ճանապարհ են անցնում ու գետում բնական ճանապարհով ինքնամաքրվում են. «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս պարամետրերով կառուցված կայանից ջուրը դուրս գալով դեպի Կեչուտի ջրամբար ու Արփա-Սեւան թունելով հասնելով Սեւանա լիճ՝ լինում է նորմայի սահմաններում»:
Նշենք, որ Ջերմուկում ներկայումս վերակառուցվում է 11 կիլոմետր երկարությամբ կոյուղատարի ներքին ցանցը եւ կոլեկտորը:
«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» նպատակն է Հայաստանի 7 մարզերի 17 բնակավայրում ջրահեռացման եւ ջրի մաքրման կայանների վերակառուցումն ու արդիականացումը:
2011թ. հունվարին Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր, որով տրամադրվող դրամաշնորհային միջոցները կազմել են 7.6 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Ծրագիրը նախատեսում է նաեւ տեխնիկական դրամաշնորհի տրամադրում այլ դոնոր կազմակերպությունների կողմից՝ 1.1 մլն եվրո գումար՝ խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո:
Ծրագրի հիմնական նպատակն է մոտ 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը` խմելու ջրի մատակարարման տեւողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելի քան 16 ժամ, ինչպես նաեւ ապահովելու ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Ջրի մաքրման նոր կայանների կառուցման նպատակով կատարվելիք ներդրումը կհանդիսանա առաջին քայլը բնակավայրերի մեծ մասում համապատասխան որակի մաքրման բացակայության պատճառով ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014