«Ակտիվ դերակատար է պետք լինել, ամաչել պետք չէ»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով աբխազական երկաթգծի վերաբացման աշխատանքներին Հայաստանի մասնակցությանը, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պասիվ նստած սպասում են, մինչեւ Հայաստանի շրջափակումը վերջանա: Նա հայտարարեց, որ աբխազական երկաթգծի բացումը հենց Հայաստանի խնդիրն է: Լեւոն Շիրինյանը խորհուրդ տվեց իշխանություններին սերտ համագործակցել Ռուսաստանի հետ՝ որպես դաշնակցի, իսկ Արեւմուտքի հետ գործակցել այնքան, ինչքան հնարավոր է. «Ռուսաստանը, եթե մեր ռազմական դաշնակիցն է, ապա Հայաստանը պետք է լինի ջութակի առաջին լարը նվագողը, այսինքն՝ ինքը պետք է դա անի՝ առանց մտածելու, առանց նայելու վրացիների գույնին, տեսքին, ցանկություններին: Կարծում եմ՝ դրա համար կարելի է օգտագործել փափուկ ուժի բոլոր հնարավորությունները»:
Պարոն Շիրինյանը նկատեց, որ այդ գնացքները կարող են Երեւանից Նախիջեւանով հասնել Իրանի նավահանգստային Բանդեր Աբբաս քաղաք. «Եթե դուք ձեր կյանքի անվտանգությանը տեր չեք լինում, մի՛ սպասեք: 1915 թվականը ձեզ ոչինչ չսովորեցրե՞ց, խոնարհվելը, դիմացինին այդպես վերաբերվելը ոչինչ չի տալիս՝ բացի կորուստներից»:
Նա հավելեց, որ աշխարհում Հայաստանի եւ նրա ժողովրդի պատիվը խիստ բարձրացել է, նամանավանդ, վերջերս խոցված ուղղաթիռի օդաչուների մարմինների տարհանելուց հետո. «Պետությունները սիրում են ուժեղ, չնվացող կազմակերպված պետություններին, աղքատներին փշրանքներ են նետում եւ ունեցվածքը ու տարածքները բաժանում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ