Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. 8 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ նվազելու է

Նոյեմբեր 28,2014 15:17

Տեղյակ լինելով մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը գրավոր հարցապնդմամբ ու բարձրացրել այն խնդիրը, որ այդ տարիներ շարունակ աշխատել են ու ձևավորել կայուն լսարան: Միանգամից 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: Ավելին, հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլևս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը:

Եթե նախատեսվածի համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույնկերպ տուժելու է եթերի բազմազանությունը: Այսպիսով, ընդամենը 8 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից կտրուկ նվազելու է՝ այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր և ժամանցի կազմակերպման միջոց:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Մարուքյանը խնդրում է հայտնել, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր է որևէ կերպ աջակցել քննարկվող խնդրի լուծմանը և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում միջանկյալ լուծման տեսքով խորհրդարանին առաջարկել երկարաձգել անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը մինչև խնդրին կտրվի համակարգային լուծում:

Նշենք, որ վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ կառավարության համապատասխան անդամը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 4-րդ մասի, հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում,  ԱԺ նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և ԱԺ աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930