Այսօր ԵՏՄ անդամակցության պայմանագրի մասին քննարկում էր կազմակերպվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարցրեց. «Մենք կարո՞ղ ենք Պարսկաստանի եւ Վրաստանի հետ ունենալ ազատ առեւտրի գոտի, թե՞ ԵՏՄ-ն խոչընդոտ է լինելու: Եվ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԼՂՀ-ն չի հանդիսանում ԵՏՄ-ում ՀՀ մաս, առանձին է, կխնդրեի ասեիք, թե ի՞նչ էիք բանակցում դրա շուրջ ԵՏՄ-ում եւ մաքսակետերի հարցն ինչպե՞ս եք կարգավորելու»:
Սուրեն Կարայանը (լուսանկարում) պատասխանեց. «Ազատ առեւտրի բոլոր համաձայնագրերը, որ մինչ այսօր ունենք, բոլորը կպահպանվեն: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի սահմանային անցակետերին, ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչ օրս նման հարց չի քննարկվել ոչ մի երկրի կողմից եւ համաձայնագրում այդ մասին գրված խոսք չկա: Ոնց որ մնացած երկրների համար է սահմանված, թե որն է մաքսային սահմանը, նույնն էլ մեր երկրի համար է: Որեւէ առանձնահատուկ բան չկա»:
Նա վստահեցրեց, որ մեր մաքսային սահմանում ոչ մեկն իրավունք չունի որեւէ բան թելադրել, ուղղակի համագործակցության համար կարող են ներկայացուցիչ ունենալ:
Սուրեն Կարայանն ասաց, որ ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում հայ միգրանտների համար մի շատ կարեւոր հարց են լուծել. «Կհարկեն այն ռեժիմով, ինչ ռեժիմով հարկում են իրենց քաղաքացիներին: Եթե մինչեւ այսօր չէին ձեւակերպում մեր քաղաքացիներին, սեւով էին աշխատում եւ այլն, համաձայնության եկանք, որ նրանք նույն դրույքաչափով էլ հարկվեն, որ գործատուի համար տարբերություն չլինի՝ աշխատողը հայ է, ռուս, թե բելառուս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ