«Ռուսաստանի նախագահը ռազմավարական իմաստով չափազանց հեռանկարային մի նախագծի մասին է խոսում, որը բխում է բացառապես Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի շահերից»,- այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով աբխազական երկաթգծին, հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Պարոն Շիրինյանը, խոսելով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության մասին, թե աբխազական երկաթգծի բացումը նշանակում է շրջափակում հայտարարել Ադրբեջանին, նկատեց, որ Սահակաշվիլին, խոսելով երկաթգծի մասին, չի անդրադարձել վրացական շահերին: Նա նշեց, որ աբխազական երկաթուղին Վրաստանի ազգային շահերին վնաս չէ. «Հերթական անգամ մարդիկ այս երկրից ինքնորոշվելու են եւ առանձնանալու են, ինչպես ինքնորոշվեցին եւ առանձնացան աբխազները, հարավային օսերը, սա վրացիների պետությունը չէ, այդ իմաստով՝ դա բխում է Վրաստանի շահերից եւս, բայց Նյու Յորքից անմիջապես արձագանքում է պանթուրքիստ Սահակաշվիլին»:
Լեւոն Շիրինյանը համոզված է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Հայաստանը շրջափակելու ծրագիր է: Եվ դա, ըստ նրա՝ պատերազմական քայլ է:
Նա իր խոսքում դիմեց Նյու Յորքում բնակվող հայկական սփյուռքին, լոբբիստական կազմակերպություններին. «Ես իրավաբանական գրասենյակներին առաջարկում եմ ոչ թե աճեցնել սահակաշվիլիներ, այլ օրենսդրական ճանապարհով օգնել Վրաստանի գործող իշխանությանը. Նա ձերբակալման հրամանագիր ունի: Սահակաշվիլիին հանձնե՛ք վրացական իշխանություններին, թո՛ղ դատեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ