Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը Հայաստանում կներկայացնի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2014 15:12

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը կրկին ժամանել է Հայաստան՝ վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացնելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ:

Այսօր լրագրողները հանդիպեցին դիրիժորին, սակայն մինչ զրույցը, մենք հնարավորություն ունեցանք ունկնդրելու վաղվա համերգին ներկայացվող Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի փորձը:

Փորձից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ջորջ Փեհլիվանյանը նշեց, որ ինքը առաջին անգամ է ղեկավարում օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը. «Նաեւ առաջին անգամ է, որ հենց օպերայի եւ բալետի թատրոնում եմ ելույթ ունենում: Մայրս էլ է այստեղ ելույթ ունեցել, նա 1960-ական թվականներին Անուշի դերն է խաղացել եւ հիմա հիսուն տարի հետո ես եմ գալիս եւ նույն հոգով համերգ եմ տալու իմ ժողովրդի համար»:

Դիրիժորը պատմեց, որ ինքը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ներկայացրել է բազմաթիվ երկրներում եւ հույս ունի, որ այս երաժշտության միջոցով կկարողանա իրար կապել ամբողջ աշխարհում բնակվող հայությանը. «Մանավանդ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենք պետք է ամբողջ աշխարհին կոչ անենք, որ այստեղ ենք, դիմում ենք եւ լսելի դարձնում մեր ձայնը»:

Ինչպես ներկայացրեց դիրիժորը՝ իր կազմակերպած «Touquet International Music Masters» փառատոնի շրջանակներում ինքը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ . «Մի քանի կարեւոր նախագծեր ունեմ Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար: Ամենակարեւորն այն է, որ Ֆրանսիայում կազմակերպած իմ փառատոնի ընթացքում հյուրախաղերով հանդես կգանք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Ես խնդրել եմ նաեւ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին պատանիների երգչախմբի համար նոր ստեղծագործություն գրել, որը հայ երեխաները ֆրանսիացի երեխաների հետ միասին կկատարեն ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Հայաստանում»:

Պրն Փեհլիվանյանի խոսքով՝ դիվանագիտական նպատակներով են կազմակերպվում այս համերգները, որպեսզի աշխարհում լսելի լինի հայերի ձայնը եւ որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութում ներկայացված է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի փորձից մի փոքր հատված

Համերգը տեղի կունենա վաղը՝ ժամը 19:00-ին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930