Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ դրամի եւ այն дрянь դարձնել կամեցողների մասին

Նոյեմբեր 28,2014 13:18

Մերոնք ասում են՝ կտրուկ ես: Ամենևին,-առարկում եմ: Գոնե անուններ մի տուր,-ճարահատ հորդորում են: Լավ, համաձայն եմ,- մտքումս խոստանում եմ, բայց հաջորդ իսկ պահին՝ զղջում: Ինչպե՜ս չտամ, ինչպե՜ս լռեմ, երբ աչքս տեսնում է, ականջս լսում, երբ ամեն պահ երկրի առանց այն էլ փխրուն անվտանգությանը սպառնացող ձախավեր քայլեր են շուրջս: Մեկ, երկու, երեք, բայց հարյուրերորդին մնջել անկարող եմ, ներսում կուտակվածը ելք է փնտրում: Եկ ու մի պոռթկա, եկ ու անուն մի հոլովիր…

Չլռելու առիթն այս անգամ Թաթուլ Մանասերյան անուն-ազգանվամբ տնտեսագետն է, պատճառը՝ հայոց դրամը՝ մեր անկախ գոյության առարկայական խորհրդանիշներից մեկը: Կարծեմ նախորդ օրն էր: «Երկիր Մեդիայում» նստել, հանգիստ համոզում է. «Ես ոչ մի վտանգ չեմ տեսնում, եթե վաղը ԵՏՄ անդամ պետությունները որոշեն անցնել միասնական արժույթի»: Եվ սա բարբառողը արհեստավարժ տնտեսագետ է, ով գիտի՝ ինքնիշխան երկրի տնտեսական կայունության գլխավոր ցուցիչը ազգային արժույթն է, անձ, որը տեսել է խորհրդային ռուբլու փլուզումը:

Նույնպիսի անվրդով դեմքով էլ օրեր առաջ Սահմանադրական դատարանի վեղարավոր անդամներն արձանագրեցին, թե, իբր, հիշյալ մշուշոտ կառույցին միանալը երկրի գլխավոր օրենքի ոչ մի դրույթի չի հակասում: Վաղը, տարակույս չունեմ, նույնն անելու է «ազգային» ժողովի կուշտուկուռ անդեմների հանրապետական հավաքանին՝ մասնակցությամբ կոստյումավոր կառավարիչների փողավարժ շքախմբի, ովքեր անմռունչ կհրաժարվեն նաև ազգային դրոշից, օրհներգից, զինանշանից, անգամ բանակից, եթե վերևից թելադրանք լինի, միայն թե «ապահով» քղանցքում գտնվեն: Պիտի ենթադրել, նույն այդ անձինք ու նրանց շրջապատն էին երկու տասնամյակ առաջ նորամանուկ դրամին քամահրանքով дрянь ասում…

Փաստորեն այդ զանգվածն անմեռ է, շոշափուկները ժամանակին չկտրվեցին, և ռուսական ռուբլին օր առաջ վերստին գրպանում տեսնելու մտասևեռումից արդեն իսկ հաճույքով ճմլկոտում է: Երանի՜ ձեզ, որ այդպիսի հիշողություն ունեք, երանի ՜ ձեզ, որ այդչափ լավատես եք, երանի՜ ձեր հեռատեսությանը, որը չունեմ: Փոխարենն ունեմ արժանապատվություն, որը խոցված է, ունեմ պատմություն, որը, շարունակաբար աչքիս առաջ լինելով, հուշում է՝ զգու՛յշ, վտանգաշատ է ուղին, դեպի ուր գնում ես, ամենակուլ է ճահիճը, որում խրվելու ես…

Քանի որ պատմությունը վկայեցի, շարունակեմ: Երկու հազար տարի անց էլ հպարտանում ենք Տիգրան երկրորդով, «մեծ» մակդիրով ենք պատվել, պատվում, քանզի արքաների արքա է եղել, թեև՝ կարճատև շրջան, ինչը փաստում են նաև նրա անվամբ ու դեմքով հատված դրամները, թող որ՝ արծաթե և պղնձե: Բայց այդքանն էլ բավական է, որպեսզի աշխարհը ցայսօր անառարկելի ընդունի մեր փառաց անցյալի սույն դրվագի իսկությունը: Ավելին՝ նրա դրամների փայլը ժամանակին թև է տվել Կիլիկիո հայոց արքաներին, ովքեր, չգոհանալով պղնձով և արծաթով, նաև ոսկեդրամ են հատել, այդ փայլը մեր հավաքական հիշողության մեջ չի խամրում արդեն երկու հազար տարի և ուժավորում է՝ փայփայելու պանծալի օրերը վերստին վերականգնելու հույսը: Մինչդեռ նույն պատմությունը, պեղումներից գտածոները Արշակունյաց ու Բագրատունյաց հարստությունների գահակիրների արժույթի ինքնուրույնության հարցում լռում են, ասել է, թե՝ նրանց արքայությունները լիարժեք չեն եղել, աշխարհի հզորները նրանց իրավունք չեն տվել սեփական դրամ ունենալ, դրանք կախյալ տերություններ են եղել, կախյալ՝ ուրիշներից, մի դեպքում՝ Պարսկաստանից, մյուսում՝ Արաբական խալիֆաթից, ինչպես հզորությունը կորցնելով՝ Հռոմեական կայսրությունից աննշան կախյալ դարձավ Տիգրանի թագավորությունը, թեև Արտաշիսյանների հիմնածն այնքան ամրակուռ էր, որ ևս չորս հարյուր տարի սահմանային փոփոխություն չկրեց:

Քսանչորս տարի է անցել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից /23-ը օգոստոսի, 1990 թվական/ և քսանմեկ՝ անցումից ազգային արժույթի /22-ը նոյեմբերի, 1993 թվական/: Մեր անգործունակության, ապիկարության պատճառով հասել ենք ճամփաբաժանի, որն ընտրություն է ենթադրում: ԵՏՄ կոչվող հանգրվանը, վատատեսիս համոզմամբ, մահիճ է, որին ընկողմանողն այլևս ոտքի չի ելնի: Մահիճը «մահ» արմատն է պարունակում, մահիճը զուգորդվում է նաև ճահճի հետ, որից բարձրացող գոլորշին մահաբեր է: Ստացվեց բառախաղ՝ մահիճ-ճահիճ, բայց այն, հավատացեք, ընդամենը բառախաղ չէ, ուղին, որն ընտրել ենք, հավատացեք, նման է սեփական ձեռամբ մեր իսկ պատանքը կարելու:

Ոմանք օրինակ են բերում Եվրամիությունը, եվրարժույթի միասնական լինելը՝ անտեսելով փաստը, որ նրա անդամ երկրները վկայակոչած միության կազմ մտել են համաժողովրդական հանրաքվեով և կամ՝ հիրավի ընտրյալ խորհրդարանների վճռով, իսկ մեզ ուղղակի մեկի կամոք են ախոռ առաջնորդում, և ապա՝ անկախության իմ չափանիշը, նշաձողը, ներողություն չեմ հայցում առավելապաշտ /maximalist/ լինելուս համար, Անգլիան է, որտեղ սառնարյուն որոշում կայացնելով՝ փարված են մնում ֆունտ ստերլինգին: Իսկ ինչ պատմությանն է մնում, տեսադաշտումս Տիգրանն է՝ իր հատած դրամով, և ոչ Արշակունիք կամ Բագրատունիք, քանզի անարժաններիս քսանմեկերորդ դար հասնելուն առավելապես նպաստել է հայոց արքաների առավելապաշտ արքան…

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Արամ ջան, այսօրվա տնտեսագետ ու պատգամավորներն ընդամենը <> խոսացողներ են… Վերջին մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում մեր ժողովրդի հերթական կողոպուտը տեղի ունեցավ և դեռ շարունակվում է ու ոչ ոք չգիտի, թե ե՞րբ կկայունացնեն դրամը, տե՛ս կկայունացնեն, և ոչ թե կկայունանա…

  2. Հմայակ Մարտիրոսյան says:

    Պարոն Հովհաննիսյան. ցավալին այն է, որ մահճից ազատվելու համար չենք պայքարում, այլ համակերպվում՝ չնկատելով, կամ չուզենալով նկատել՝ ճանապարհները:

  3. Դավիթ Գյուլզադյան says:

    Կեցցե՛ք, Արամ Հովհաննիսյան մտավորական…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930