Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է, որ քաղաքացու դրամական միջոցները բռնագանձվեն միայն դատական կարգով: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ վարչական մարմինները արտադատական կարգով քաղաքացիների գույքի վրա կալանք են կիրառում եւ իրականացնում. «Այս խնդիրը քննարկվել է արդեն, մենք դիմեցինք ՄԻՊ-ին, քանի որ հնարավոր չէր ստորագրություններ հավաքել, որ ներկայացնեինք, առաջարկեցին դիմել Սահմանադրական դատարան: Քննարկման ժամանակ առաջարկ եղավ, որ նախագիծը մտնի մեծ օրակարգ, եւ սպասենք ՍԴ որոշմանը: Հետո ՄԻՊ-ը առաջարկեց, որ խորհրդարանն ինքը այդ հարցը լուծի՝ առանց ՍԴ-ի: Հիմա ժամկետը լրացել է եւ քառօրյա օրակարգ ենք ուզում մտցնել»:
Հիշեցնենք, որ քառօրյայում է ընդգրկվել այս մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է, որ մինչեւ 200 հազարի բռնագանձումը լինի արտադատական կարգով, դրանից ավելին՝ դատական: Ըստ Հովհաննես Մարգարյանի, կառավարության տարբերակը գործող օրենքից մեկ քայլ առաջ է, բայց դարձյալ հակասահմանադրական է. «Սահմանադրության 31.1 հոդվածում գրված է, որ քաղաքացուն կարելի է միայն իր ունեցվածքից զրկել դատական կարգով՝ օրենքով սահմանված հիմքով: Քաղաքացու դրամական միջոցներն իր սեփականությունն է՝ դրամական արտահայտությամբ: Տեսեք ԴԱՀԿ-ի պատերի տակ ինչ է կատարվում»:
Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, կառավարության ներկայացրած տարբերակը ընդհանրապես ընդունելի չի. «Երբ դուք ասում ե ք թե դա մեկ քայլ առաջ է, ես հուսահատվում եմ»:
Կառավարության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց նախագիծը՝ 200 հազար դրամի շեմի հետ կապված: Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց. «Ձեր նախագծից հազիվ ենք պրծել, հիմա նորից ձեր նախագի՞ծն ենք քննարկում»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ կառավարությանը հարց ուղղեց՝ ի՞նչ անել սահմանադրությամբ գործող թիվ 31 հոդվածի հետ. «Բա եթե ձեր բոլոր փաստարկներն իրական են եւ լավն են, բա ինչի՞ եք մինչեւ 200 հազար դրամ սահմանել, բա մյուս քաղաքացիներն ա՞յլ իրավունքի սուբյեկտներ են»:
Կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ ոչ մի բան այդ հոդվածի հետ պետք չի անել. «Հարցին մոտենալու ելակետային տարբեր ուղղություններ կան»:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, կառավարությունը պետք է իր նախագիծը մի կողմ թողնի եւ աջակցի Հովհաննես Մարգարյանին, որի գաղափարը լավն է: Այնուհետեւ նա դիմեց Հովհաննես Մարգարյանին. «Պարոն Մարգարյան ջան , սա օրենսդրական նախագիծ չէ, այնքան աշխատելու տեղ կա, ծակերը չեք փակել»:
Հովհաննես Մարգարյանն արդարացավ, որ տեղ են թողել առաջարկությունների:
Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ կառավարությունը «Խաթաբալայի» մեջի Մարգարիտին է ն՝ իր օրինագծով՝ սարքում բերում է, որ ամուսնացնի՝ չի լինում:
ՕԵԿ-ի օրինագծին հանձնաժողովը քվեարկեց 5 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ երբ ձայները հավասար են լինում, այն բացասական եզրակացություն է ստանում, եւ օրակարգ այդ նախագիծը չմտավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ