Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական արտադրողին չեն օգնում թռչնաղբից պարարտանյութ ստանալ, որ ներկրողների բիզնեսին «չխփի»

Նոյեմբեր 28,2014 13:13

«Արոտների անապատացման դեմ պայքարի համար գյուղնախարարությանը տված 20 միլիոն դոլար վարկը այդպես էլ չծառայեց իր հիմնական նպատակին: Նույն ճակատագրին կարժանանա նաեւ 30 միլիոն դոլարը»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց Հանրային խորհրդի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Ստյոպա Խոյեցյանը:

Վարկը ՀՀ կառավարությանը տրամադրել է Համաշխարհային բանկը, որն, ըստ Ստյոպա Խոյեցյանի, պետք է տրամադրվեր գյուղացիներին՝ մրցունակ կաթ եւ միս արտադրելու համար:

Երբ պարոն Խոյեցյանը հետաքրքրվում է վարկերի ճակատագրով, նրան պատասխանում են, որ գումարները ծախսվել են ճանապարհների վերանորոգման համար. «Թեպետ առաջին ծրագիրն ավարտվել է, երաշտի, անապատացման դեմ պայքարի, արոտի բերքատվության բարձրացման ոչ մի աշխատանք չի տարվել, ավելին՝ արոտի ծանրաբեռնվածությունն ավելացել է մոտավորապես երկու անգամ: Այսպիսով` քսան միլիոն դոլարը չի ծառայել իր նպատակին: 2014 2 թվականի վերջին, խոտի պակասի պատճառով առկա է անասունների հարկադրական մորթի միտումը»:

Պարոն Խոյեցյանի խոսքերով, գյուղատնտեսական խնդիրները պետք է լուծել ամբողջական եւ միայն կերի հարց լուծելով օրինակ՝ անասնաբուծությունը չես զարգացնի. «Չի կարելի մտածել միայն կերի մասին: Ներկրված թանկարժեք երինջների 60 տոկոսն արդեն սատկել են:

Միայն խոտով կենդանին հինգ 5-6 հազար լիտր կաթ չի տա, պետք է ֆերմերն ունենա կոմբիկեր, պետք է ուտի ճակնդեղ եւ այլն: Անասունը չի կարողանում ցանկացած պահին վեր կենալ ու ման գալ, լուսավորությունը վատ է, գազի հարցը լուծված չէ, սրանք մանրուքներ չեն»:

Ստյոպա Խոյեցյանը դիմել է կառավարությանը, գյուղատնտեսության նախարարությանը թռչնաղբից պարարտանյութ ստանալու հարցում աջակցություն ցուցաբերել: Ըստ մասնագետի, «գյուղնախն իր բոլոր նամակներում գրել է, որ հիանալի պարարտանյութ է, որ երեսուն տոկոսով բերքատվությունը բարձրացնում է, ու վերջ»:

Գյուղոլորտի մասնագետը համոզված է, որ այս հարցին ընթացք չի տրվի, քանի որ թռչնաղբից պարարտանյութի տեղական արտադրությունը կհարվածի քիմիական պարարտանյութեր՝ ազոտ, սիլիտրա ներկրողների բիզնեսին, որոնց սեփականատերերը հենց բարձրաստիճան պաշտոնյաներ են:

ՀԲ-ի տրամադրած երեսուն միլիոն դոլար վարկն էլ, պարոն Խոյեցյանի տվյալներով, տրամադրվելու է կաթ արտադրություն ունեցող գյուղացիներին սառնարաններ տեղադրելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930