ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջի մասին փաթեթն այսօր կուղարկի ԱԺ խմբակցություններին: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց պատգամավորը` հավելելով, որ համապատասխան ձևաթուղթը՝ հարցն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու համար, ինքն այսօր արդեն կվերցնի:
Լրագրողների դիտարկումներին, որ արդեն կան արձագանքներ ոչ իշխանական ուժերից, որոնք հակված չեն միանալու այդ նախաձեռնությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի. «Երբ որ ձևաթղթի մարման ժամկետը կլրանա, այն ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»:
Ի պատասխան լրագրողների հարցերի, Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, որ ՀԱԿ խմբակցությունների հետ չի խոսել այդ մասին:
Շրջանառվող այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստուգել ոչ իշխանական ուժերին, պատգամավորը պատասխանեց. «Ես որևէ մեկնաբանություն չեմ անում: Ասել եմ, ինչ ասել եմ, մնում եմ իմ նախկին հայտարարությունների շրջանակներում: Գործընթացը կգնա, որևէ կետի կհանգի, դրանից հետո միայն կանեմ հայտարարություն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր, որ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագծի թղթածրարները պատրաստ են՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին ուղարկվելու համար»: