Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Չեմ տեսել, որ ՀԱԿ-ը երբևէ հակվածություն է ցուցադրել «արժանանալու» որևէ օտար երկրի «բարեհաճությանը».  «Իրատես de facto»

Նոյեմբեր 28,2014 11:34
erjanik abgaryan

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆԸ

 – Օրերս Սահմանադրական դատարանը հաստատեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի լինելը իսկապես «անշրջելի փաստ» է։ Այս հարցում ՀԱԿ-ի եւ իշխանության տեսակետները համընկնում են։ Ընդդիմության բոլո՞ր ներկայացուցիչների համար է  սա համոզմունք, թե՞ ՀԱԿ-ի ղեկավարությունը դրանով ցանկանում է Ռուսաստանի բարեհաճությանն արժանանալ։

– Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իմ կարծիքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը վերաբերում է գործընթացին եւ ո՛չ թե ԵԱՏՄ-ում լինել-չլինելու նպատակահարմարությանը։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում ՀԱԿ-ի եւ իշխանության այդ տեսակետները ելակետային առումով նույնական չեն։

Իսկ ընդդիմության բոլոր կամ առանձին ներկայացուցիչների անունից խոսելն իմ «լիազորությունների» սահմանից դուրս է, իրենց պետք է հարցնել։

Ինչ վերաբերում է Ձեր ասած «Ռուսաստանի բարեհաճությանն արժանանալու» ՀԱԿ-ի ղեկավարության «ցանկությանը», ապա չեմ տեսել, որ ՀԱԿ-ը երբևէ հակվածություն է ցուցադրել «արժանանալու» որևէ օտար երկրի «բարեհաճությանը»։ Դա քաղաքական առումով անլուրջ եւ խոցելի վարքագիծ է եւ սազական միայն ղարաբաղյան կլանի գործիչներին։

– Այսօր հաճախ է խոսվում այն մասին, թե ԵԱՏՄ-ին միանալով թանկացումների ալիք կլինի։ Որպես ՀՀ մաքսային վարչության նախկին ղեկավար, Ձեր դիտարկմամբ, դա որքա՞ն կազդի մեր տնտեսության վրա։

– Հայաստանի մուտքը ԵԱՏՄ նման է գայլի որջում մոլորված ոչխարի հայտնվելուն։ Բացի այդ, դա համաշխարհային նշանակալից իրադարձություն է. երբեւէ մարդկության պատմության մեջ չտեսնված ու չլսված երեւույթ, երբ մաքսային ընդհանուր սահման չունեցող երկիրն ընդգրկվում է օտար երկրով միջնորդավորված ինչ-որ Մաքսային միության մեջ։ Եվ այն էլ միջազգային ինչպիսի՛ «բարենպաստ»  իրադրության պայմաններում. Ռուսաստանը հակադրվել է միջազգային հանրությանը եւ նրան հռչակել իր թշնամին, համաշխարհային լարվածությունը հասցրել է կրիտիկական աստիճանի, ինչի պատճառով հայտնվել է միջազգային տարաբնույթ պատժամիջոցների աքցանում եւ մեկուսացման մեջ։ Ահա այս իրադրության մեջ էր, որ «խորաթափանց» Սերժը որոշեց Հայաստանի ապահովությունը վստահել մեկին, որն այսօր քացու տակ ընկած նռռում է եւ ինքն է կարոտ ուրիշի օգնության։

Ինչ վերաբերում է սպասումներին, ապա Սերժի իշխանությունը բոլոր պայմանները ստեղծել է, որ առաջիկա տարում թանկացումների ալիքներն իրար հաջորդեն։ Նշենք դրանցից ընդամենը մի քանիսը՝ հետընթաց սեփական ավելի զարգացած մաքսային համակարգից, օրենսդրական եւ նորմատիվային քաոս, պատժամիջոցների թվի ընդլայնում, քվոտաների եւ լիցենզիաների անհիմն ընդլայնումներ, դրանց տրամադրման բարդացումներ, անդամ երկրներից ոմանց խոշոր բիզնեսի համար անհասկանալի արտոնությունների տրամադրում, բյուրոկրատական քաշքշուկների դաշտի կտրուկ ընդլայնում, կոռուպցիոն ռիսկերի մեծացում, փորձված արեւմտյան եւ  այլ բիզնես-գործընկերների հետ համագործակցության պայմանների կտրուկ վատթարացումներ, կամավորապես սեփական ուսերին ուրիշի համար նախատեսված միջազգային պատժամիջոցների վերցնելը եւ այլն,եւ այլն։

Բայց սա հարցի մի կողմն է, իսկ ի՞նչ անել մաքսային արտասահմանային, այն էլ միջազգայնորեն հակադրվող բլոկում եւ նրա մաքսային գոտում հայտնված Վրաստանի տարածքը հաղթահարելու համար։ Այս հարցը, կապված լինելով քաղաքական ազդեցության լծակի հետ, կապված է նաեւ զգայուն եւ անկայուն բավականին լուրջ ծախսերի հետ տարանցիկ բեռնաուղեւորափոխադրության համար, ճանապարհաշինության համար, բնապահպանության համար, բեռների անվտանգության համար եւ այլն։ Սա թողնված է միայն մեր ուսերին, նույնիսկ ռուսական բազայի բեռների տեղափոխման ծախսերը; Իսկ թե նշված զոհողությունների դիմաց ինչ ենք ստանում, արդեն պարզ է՝ ամբողջապես ոչինչ, մինուս զրո:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930