Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազություն. «Ա1+»-ի լրագրողի գործով ՀՔԾ որոշումը կոպիտ խախտումներով է»

Նոյեմբեր 28,2014 11:07

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է «Ա1+» լրատվամիջոցի լրագրող Մարինե Խաչատրյանի՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը մերժել: ՀՔԾ-ն որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը, ուստի, ըստ ՀՔԾ-ի, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի դարպասների մոտ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ, պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ Ipad-ը. այս հանգամանքը փաստող տեսագրություն էլ կա:

«Առավոտի» հետ զրույցում «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը վստահեցրել է, որ շարունակելու են պայքարը մինչեւ Եվրադատարան:

«Առավոտը» ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսում ձեռնարկել, քանի որ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան՝ դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ:

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» փոխանցեցին. «ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով՝ մասնավորապես անձը՝ լրագրող Մարինե Խաչատրյանը չի ներգրավվել գործով որպես տուժող, այդ կերպ զրկվելով իր դատավարական իրավունքները իրացնելու հնարավորությունից: ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, Մարինե Խաչատրյանին որպես տուժող ճանաչելու ցուցումով գործը ուղարկել է ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Հ. Գ. Նոյեմբերի 28-ին նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում է հրապարակվել տեղեկությունը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը. « ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության որոշմամբ վերացվել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին` Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել, որի հետևանքով Մ. Խաչատրյանին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, որոշում է կայացրել վերացնել քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար:

Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ և 247-րդ հոդվածներով նախատեսված տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իրավունքը՝ «փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում միջնորդել, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930