Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՂՈԹՔՆԵՐՈՎ

Նոյեմբեր 28,2014 10:48

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանվեցերորդ

ԱՂՈԹՔՆԵՐՈՎ

Եվ Հավատացյալը  մի քիչ  մտածեց ու ասաց՝ «երբեմն երկրային կյանքն ու երկրային երեւույթները ճնշելով հաղթում են մեզ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քեզ դժվար թե հաղթեն», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ինձ լավ էլ հաղթել են», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «քեզ կոնկրետ ո՞ր երկրային երեւույթն ա հաղթել», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝  «հիվանդությունը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիվանդությունը բոլորին էլ հաղթում ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «հիվանդությունը նույնիսկ բժիշկներին ա հաղթում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «բժիշկներին չգիտեմ, բայց ինձ չպիտի հաղթեր» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «մի ժամանակ ինքս էի հիվանդներին հույս ու հավատ  ներշնչում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով հարցրեց՝ «մի բան ասեմ՝ կհավատա՞ս», եւ  ես պատասխանեցի ու ասացի՝ «ես քեզ միշտ հավատացել եմ», եւ Հավատացյալը մի քիչ  մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «Եղբայր Վարդգեսի գլխացավը տարիներ առաջ  հանել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես հանել», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «աղոթքներով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աղոթեցի ու Բարձրյալից խնդրեցի, որ Եղբայր  Վարդգեսի գլխացավը հանի», եւ ես ժպտալով հարցրի՝ «հանե՞ց», եւ Հավատացյալը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց հանեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Եղբայր Վարդգեսը մինչեւ էդ հազար տեսակ  բժիշկների էր դիմել, բայց ոչնչով չէին կարողացել օգնել», եւ ես ժպտալով Հավատացյալին հարցրի՝ «աղոթեցիր, ու գլխացավերն անցա՞ն», եւ Հավատացյալն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էն էլ ո՜նց անցան» եւ մի քիչ  մտածեց ու կասկածանքով ինձ նայելով հարցրեց՝ «բայց ինչի՞ ես ժպտում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Հավատացյալը ժպտալով ասաց՝ «երեւի չես հավատում, որ Եղբայր Վարդգեսի գլխացավերն աղոթքով հանել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատում եմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ հավատում ես, չես զարմանո՞ւմ, որ կարողացել եմ իրա էդ ահավոր գլխացավերն աղոթքով հանել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «զարմանում եմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես էլ եմ զարմանում, որ կարողացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «բայց գիտե՞ս ինչի եմ կարողացել» եւ իմ պատասխանին չսպասելով՝ ինքն իր հարցին պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ Եղբայր Վարդգեսի համար աղոթելիս հարյուր տոկոսով հավատում էի, որ Տերը կօգնի» եւ մի քիչ էլ  մտածեց եւ բութն ու ցուցամատն իրար կպցնելով ավելացրեց՝ «այ էսքան չէի կասկածում, որ Բարձրյալը կօգնի» եւ բութն ու ցուցամատն իրար կպցրած պահելով ասաց՝ «այ էսքան չէի կասկածում, որ աղոթքս ու աղերսս տեղ են հասնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «էդ օրն ու էդ պահին հավատս էնքան ուժեղ էր, որ Եղբայր Վարդգեսին էլ էր փոխանցվել», եւ ես հարցրի՝ «ինքն էլ է՞ր հավատում, որ քո աղոթքով իրա գլխացավերը կանցնեն», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե ինքը չհավատար, ոչ մի բան չէր ստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ պահին իրա հավատալը նույնքան կարեւոր  էր, ինչքան՝ իմը», եւ ես ասացի՝ «բայց ինքն էլ էր չէ՞ հավատացյալ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն էդ օրվանից հետո սկսեց հավատալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ աղոթելու պահից սկսած՝ սկսեց հավատալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե ինքն էդ պահին չհավատար, էդ ահավոր գլխացավերից դժվար թե ազատվեր», եւ ես հարցրի՝ «իրա գլխացավերն էդքան ահավոր էի՞ն», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «Եղբայր Վարդգեսն ասում էր, որ հենց իրա գլխացավերը բռնում էին, լեզուն բռնվում էր ու բոլոր բառերը մոռանում էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ մարդկանց անուններն էր մոռանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ ամենամոտիկ հարազատների անուններն էր մոռանում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «եղբայր Վարդգեսն ասում էր, որ հենց իրա էդ գլխացավերն սկսվում էին, իրա լուսահոգի մոր անունից բացի՝ մնացած բոլոր մարդկանց անունները մոռանում էր», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «հոր անունն էլ է՞ր մոռանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն ասած՝ չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հայրը վայ թե  մորից շուտ էր մահացել», եւ ես հարցրի՝ «անունը չէր հիշո՞ւմ», եւ Հավատացյալը հարցրեց՝ «ո՞ւմ անունը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հոր անունը», եւ Հավատացյալը զարմացած ասաց՝ «ո՞նց կարող ա հոր անունը չհիշեր», եւ ես ասացի՝ «գլխացավերի ժամանակ նկատի ունեմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն ասում էր, որ գլխացավերի ժամանակ մենակ օղորմածիկ մոր անունն ա հիշել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հոր մասին բան չի ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հոր մասին չեմ էլ հարցրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի մոր հետ ավելի կապված ա էղել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորս էլ մեր մայրերի հետ ավելի կապված ենք էղել», եւ ես հարցրի՝ «ասում ես՝ գլխացավերի ժամանակ մենակ մոր անունն է՞ր հիշում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մի բան էլ չեմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ընդամենը Եղբայր Վարդգեսի  ասածն եմ քեզ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց ոնց որ էս գլխացավի թեման քեզ չափից ավելի հետաքրքրեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «պատճառ ունեմ», եւ Հավատացյալ Խորենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պատճառ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ժամանակին ես էլ եմ շատ ուժեղ գլխացավեր ունեցել»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930