Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական փառատոնն աչքի է ընկնում հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաներով

Նոյեմբեր 28,2014 10:41

Նոյեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ, որին հանդես եկավ երիտասարդ և մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն)։

2012-ին The Strad ամսագրի կողմից որպես համաշխարհային մակարդակի արվեստագետի բոլոր հատկություններով օժտված երաժիշտ փառաբանված Ֆիլիպ Հայըմը Մեծ Բրիտանիայի ներկայիս ամենավառ երիտասարդ թավջութակահարներից է։

Ֆիլիպ Հայըմը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցրել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ 1-ին մրցանակ Բախի և Լյուտոսլավսկու անվան միջազգային մրցույթներում։ Այժմ Ֆիլիպ Հայըմը նվագում է Կարլո Ջուզեպե Տեստորեի կերտած թավջութակով։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Արվո Փյարտի Երգ լարային նվագախմբի և զանգերի համար՝ նվիրված Բենջամին Բրիտտենի հիշատակին (հայաստանյան պրեմիերա), Բենջամին Բրիտտեն՝ Սիմֆոնիա թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ Ֆիլիպ Հայըմ, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ընթացքում շատ են ներկայացրել հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։«Ես և իմ ընկերները հաճախ զարմանում ենք՝ տեղեկանալով, որ հանրահայտ շատ գործեր Հայաստանում չեն կատարվել։ Ինձ թվում է՝ մեծ ձեռքբերում է, որ երիտասարդական նվագախումբն աշխարհում հնչող կարևոր գործեր ներկայացնում է մեր երկրում։ Դա շատ մեծ պրոֆեսիոնալ ձեռքբերում է նաև նվագախմբի համար։ Մեր համերգներն ուղիղ եթերում հեռարձակվում են, և տարբեր ծայրերից մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա միտում՝ կատարել աշխարհում սիրված ու ընդունված ժամանակակից ստեղծագործությունները»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով նաև, որ Լոնդոնում սովորելու տարիներին շատ է լսել Ֆիլիպ Հայըմի մասին և ուրախ է, որ նա ներկայանում է հայաստանյան հանդիսատեսին։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930