Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Նավասարդյան. «Ազատամարտիկը երեխաների եւ զինվորների ներկայությամբ հարբեցողությամբ զբաղվող, խայտառակ պահվածք դրսեւորողը չէ»

Նոյեմբեր 28,2014 00:53

«Առավոտը» հրապարակել էր, որ Երեւանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ազատամարտի մասնակից Սերգեյ Աբրահամյանը ազատվել է աշխատանքից քաղաքից դուրս էքսկուրսիայի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար: Նա իր դժգոհությունը բաց նամակով հայտնել է նաեւ ՊՆ եւ ԿԳ նախարարներին:

Մեր խնդրանքով թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը (լուսանկարում) մեկնաբանեց ուսուցչի բաց նամակը.

«Իսկապես, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սերգեյ Աբրահամյանը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ եւ 8-րդ կետերի համաձայն ազատվել է աշխատանքից` իր նկատմամբ վստահությունը կորցնելու, ոգելից խմիչքների չարաշահման եւ ուսուցչին ոչ վայել պահվածքի համար:

Հոկտեմբերի 22-24-ը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ եւ քաղաքապետարանի թույլտվությամբ մեր դպրոցի պատվիրակությունը, որի կազմում էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, այդ թվում Սերգեյ Աբրահամյանը` կնոջ հետ, եւ որոնց ուղեկցում էին ՊՆ ներկայացուցիչներ եւ լրագրողներ, մեկնել է Արցախ ուխտագնացության եւ այցի շրջանակներում գիշերել սահմանային զորամասերից մեկում: Այնտեղ Ս. Աբրահամյանը, օգտագործելով ոգելից խմիչք եւ կորցնելով ինքնատիրապետումը, բազմաթիվ վկաների ներկայությամբ կատարել է մի շարք անթույլատրելի արարքներ, խանգարել զինծառայողների եւ աշակերտների հանգիստը` վարկաբեկելով դպրոցի եւ անձամբ իմ հեղինակությունը:

Հաջորդ օրը` հետդարձի ճանապարհին, հաշվի չառնելով իմ եւ պատվիրակության մյուս անդամների խնդրանքները եւ պահանջները, Ս. Աբրահամյանը շարունակել է օգտագործել ոգելից խմիչքներ, ավտոբուսում վեճ հրահրել կին ուսուցիչների հետ եւ խանգարել վարորդին:

Հետդարձի ճանապարհին այցելել ենք նաեւ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց, որտեղ Սերգեյ Աբրահամյանը շարունակել է դրսեւորել անվայել պահվածք` կրկին վարկաբեկելով այն գեղեցիկ գաղափարը, որ դրված էր ուխտագնացության հիմքում:

Քանի որ այս դեպքը հանրային հնչողություն է ստացել, ցանկանում եմ հիշեցնել պարոն Աբրահամյանին, որ ազատամարտիկը ոչ թե երեխաների եւ զինվորների ներկայությամբ հարբեցողությամբ զբաղվող, խայտառակ պահվածք դրսեւորող եւ դրանով իսկ ազատամարտիկի պատիվը վարկաբեկող անձն է, այլ իր կեցվածքով մատաղ սերնդի առջեւ հայ զինվորի բարի համբավը բարձր պահողը:

Նաեւ հիշեցնեմ, որ մեր տանից ժամանակին հարյուրավոր ազատամարտիկներ են մեկնել ռազմաճակատ Հայրենիքը պաշտպանելու, եւ ես շատ բարձր եմ գնահատում ազատամարտիկի դերը: Սակայն սեփական տան, ընտանիքի, Հայրենիքի պաշտպանությունը ոչ մի դեպքում չի կարող ամենաթողության գրավական դառնալ, հատկապես երբ քեզ վրա են նայում երեխաները»:

Լուսանկարը՝ Անուշ Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամբողջը զրպարտանք է, վկան՝ այսօրվա հանդիպումը քաղաքապետարանում, որին ներկա էր նաև տիկին Նավասարդյանը, որը վերևում գրված իր ոչ մի խոսքը չկարողացավ ապացուցել: Բացի այդ, հանդիպմանը ներկա քաղաքապետարանի պաշտոնյաները տնօրենի կողմից տրված ազատման հրամանը համարեցին ոչ օրինական և հորդորեցին նրան վերականգնել Սերգեյին իր աշխատանքում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930