Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության տեխնոլոգիան

Նոյեմբեր 28,2014 12:00

Ինչ է ամերիկացի քաղտեխնոլոգ
Ջին Շարպը խորհուրդ տալիս հեղափոխականներին

Անցած շաբաթ նշվում էր «Մայդանի հեղափոխության» տարելիցը: Թե դրա կողմնակիցների եւ թե հակառակորդների վերաբերմունքն այդ տարելիցին առանձնապես տոնական չէ` ի վերջո, միայն այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ: «Մայդանը» սկսվել էր 2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ այն ժամանակվա վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարվել էր վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը, եւ ավարտվել էր փետրվարի 23-ին` Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Այդ երեք ամիսների ընթացքում թե իշխանությունների եւ թե ցուցարարների կողմից կիրառվել է դաժան բռնություն, այդ թվում` օգտագործվել է հրազեն: «Մայդանի» դրական եւ բացասական հետեւանքները Ուկրաինայի ժողովուրդների համար դեռեւս լրջորեն հաշվարկված չեն, ավելի ճիշտ՝ «հաշվարկողները» չափից դուրս շահագրգռված կողմ են եւ հավատ չեն ներշնչում:

Մայդանի հակառակորդները վստահ են, որ հեղափոխականները գործել են ոչ ինքնաբուխ, որ նրանց ուղղորդել են տարբեր արտասահմանյան, առաջին հերթին` ամերիկացի հրահանգիչները: Իսկ որպես հեղափոխության գաղափարախոսություն «մայդանի չուզողները» նշում են ամերիկացի քաղտեխնոլոգ Ջին Շարպի աշխատությունները: Քանի որ իշխանափոխության տեխնոլոգիայի խնդիրն արդիական է ոչ միայն Ուկրաինայի համար, հակիրճ ներկայացնենք այդ գիտնականի գաղափարները:

Շարպն իր «Բռնապետությունից մինչեւ ժողովրդավարություն. Ազատագրման հայեցակարգային հիմքերը» գիրքը գրել է 1993 թվականին եւ նկատի է ունեցել «ժողովրդավարության հաստատումը» Բիրմայում: Բայց շատերը պնդում են, որ նրա խորհուրդները դրանից հետո օգտագործվել են Ինդոնեզիայում, Հարավսլավիայում, Վրաստանում, Ուկրաինայում եւ բազմաթիվ այլ երկրներում: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները վստահ են, որ իրենց երկրի ընդդիմությունը (մասնավորապես՝ Բոլոտնայա հրապարակում) նույնպես առաջնորդվում էր այս հեղինակի գրքերով, որոնցում, ի դեպ, նշվում է 198 ոչ բռնի գործողությունների մեթոդներ, որոնք կարող են թուլացնել եւ, ի վերջո, տապալել բռնապետությունը: Այդ մեթոդները կարելի է բաժանել մի քանի խմբի` պաշտոնական հայտարարություններ, շփում լայն լսարանի հետ, ճնշում առանձին իշխանավորների վրա, երթեր, ժողովներ, տնտեսական բոյկոտներ եւ այլն: Քաղտեխնոլոգի դեղատոմսերի հիմքում բռնապետության մեջ ճեղքեր գտնելն է եւ դրա մասերը իրար դեմ լարելը:

Ի դեպ, Ջին Շարպը խորհուրդ է տալիս հեղափոխականներին չբանակցել իշխանությունների հետ: «Բանակցությունները հնարք են, որոնք ուղղված են նրան, որ ընդդիմությունը հանձնվի: Դրանք սովորաբար մանիպուլյացիայի եւ վերահսկողության միջոց են»: Մյուս կողմից՝ Շարպի տեխնոլոգիաները ենթադրում են, որ իշխանությունը պետք է դիմի կարծր միջոցների: «Որքան խիստ է գործում ռեժիմը, այնքան ուժեղ է բումերանգի էֆեկտը», քանի որ այդ դեպքում գնալով ավելի քիչ մարդիկ են աջակցելու ռեժիմին, թուլանալու է դրա բազան: «Սա քաղաքական ջիու-ջիտսու է, ես օգտագործում եմ hակառակորդի ուժը»,- գրում է գիտնականը:

Եթե Շարպի բոլոր դիտարկումները ճիշտ են, ապա մեկ տարի առաջ նոյեմբերի 30-ին Ուկրաինայի իշխանությունները ճակատագրական սխալ են գործել` ուժային ճանապարհով` «Բերկուտ» ջոկատի միջոցներով ցրելով եվրոպական ինտեգրացիայի մի քանի հազար կողմնակիցներին, որոնց մեծ մասը ուսանողներն էին: Բայց նույն քաղտեխնոլոգը կոչ է անում նոր` պայմանականորեն ասած, դեմոկրատական իշխանությանը շրջահայաց եւ պատասխանատու լինել: Սակայն ուկրաինական «դեմոկրատների» առաջին իսկ քայլերից մեկն էր ռուսաց լեզվի հանդեպ սահմանափակումներ դնելու փորձը, ինչը շրջահայաց չես անվանի:

Ոչ բռնի մեթոդներով իշխանափոխության մեջ ինքնին որեւէ վատ բան չկա: Բայց նախ` կարելի՞ է արդյոք «մայդանի հեղափոխությունն» ամբողջությամբ «ոչ բռնի» անվանել: Եվ երկրորդ` եթե իշխանության հասնելու համար վերոհիշյալ տեխնոլոգիաները կիրառում են նույն քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի ներկայացուցիչները, ապա առանձին իմաստ այդ իշխանափոխության մեջ, կարծես թե, չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    «Քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի` իշխանության հասնելը» բովանդակային հակասություն ունի Շարփի ասածի հետ: Աբրահամյանին հիմա նմանեցնում եմ Լ. Զուրաբյանին, որ ամեն ինչի համար մեկնաբանություն ունի, պահի հաջողության համար ասում կամ գրում է, պետքն էլ չի` ինքը հասկանում է դրանից, թե չի հասկանում, ճիշտ է մեկնաբանում, թե շահարկում է թեման:
    Էլ չեմ կարդալու հոդվածներդ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930