Եթե պարկեշտությունս մի քիչ կորցնեմ, հենց հիմա ու հենց էստեղ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀՔԾ հապավումը, բացի վերնագրում նշվածից, նաեւ մի էնպիսի «գեղեցիկ» ձեւով կբացեմ, որ դուք, սիրելի իմ ընթերցող բարեկամներ, նախ, իհարկե, կծիծաղեք, ապա եւ կասեք՝ բա ամոթ չի՞, Մեսրո՛պ:
Ամոթ է, ինչ խոսք: Դրա համար էլ չեմ բացում:
Բայց ես էլ հակընդդեմ հարցը տամ. «Բա ամոթ չի՞, որ կա սենց կառույց, որը ոչ թե քննություն է իրականացնում, այլ քողարկում-պարտակում է ակնհայտ հանցագործությունը»: Պարտակում է հերթական անգամ:
Խնդրեմ. ըստ «Ա1+»-ի կայքի՝ «Հատուկ քննչական ծառայությունը որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է՝ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով»։ Նույն տեղում հաղորդվում է, թե որոշումը կայացրել է ՀՔԾ (ձեռքերս քոր են գալիս. ուզում եմ անպայման բարձրաձայնած լինեմ էս հապավման իմ մեկնաբանությունը) հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ Վ. Գ. Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Խոսքը այս տարվա սեպտեմբերի 9-ին տեղի ունեցածին է վերաբերում, երբ ՀՀ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվել էր «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանող լրագրողի վրա, հարվածել նրան ու լրագրողի ձեռքից գցել նկարահանող սարքը:
Հիմա հարց տամ այս գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճած պարոն արդարադատության (ծիծաղից մեռա «արդարադատություն» բառը գրելիս) փոխգնդապետին. «Պարո՛ն, կարո՞ղ է դուք տեսողության հետ կապված պրոբլեմներ ունեք, վաղո՞ւց եք այցելել ակնաբույժին»: Եթե չունեք, խնդրում եմ, մի անգամ էլ նայեք տեսագրությունը, որը տեղադրված է նույն հղման տակ, եւ դուք անզեն աչքով էլ կտեսնեք (եթե, իհարկե, ցանկություն ունեք տեսնելու), որ ԱԺ անվտանգության ծառայության պետը խուլիգանի նման հարձակվում է լրագրողի վրա եւ հարվածում՝ նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս տեղեկացնում է, որ ինքը լրագրող է… Իսկ լրագրողը, ի գիտություն ձեզ, պաշտպանված է իր օրինական մասնագիտական պարտականությունը կատարելիս:
Եվ այս տարի սա միակ դեպքը չէ: Նույն ՀՔԾ (Տեր իմ Աստված, այս հապավումն իմ ուզած ձեւով չբացելու համբերություն տուր ինձ) քննիչները հանցակազմ չտեսան նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած եւ նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանների արարքներում: Եվ դարձյալ կարճեցին գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ մերժեց Անիի բողոքը ընդդեմ քրեական գործը կարճելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության՝ հունիսի 24-ի որոշման: Այս տարի ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժինն էլ իր հերթին էր որոշում կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել Hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառած եւ նրա մասնագիտական աշխատանքը խոչընդոտած քաղաքացի Արմեն Ղեւոնդյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով մայիսի 18-ին հարուցված քրեական գործի վարույթը (երկու դեպքերն էլ ներկայացրեցինք ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2014 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի):
Հարց քննիչներին. «Պարոնա՛յք, դուք գոնե գիտակցո՞ւմ եք, որ պարտակելով ակնհայտ հանցագործությունները՝ կարենհայրապետյանների ու նրանց նմանների համար նոր խուլիգանությունների եւ ապօրինությունների ճանապարհ եք հարթում (լսում եմ ընթերցողի արձագանքը. «…Բայց ինչ միամիտ մարդ ես, Մեսրո՛պ…»):
Եվ եթե դուք՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ (էլի ծիծաղեցի «արդարադատություն» բառի վրա) Վ. Գ. Ավետիսյան եւ այլ քննիչներ, ակնհայտ հանցագործությունների մեջ հանցակազմ չեք տեսնում, ապա ես էլ ինձ իրավունք եմ վերապահում երեք գնահատող դատողություն-եզրակացություն անելու.
Եզրակացություն 1. Դուք մասնագիտական ցածր որակներ ունեցող քննիչներ եք:
Եզրակացություն 2. Ժողովուրդը իմաստուն է, որ հորինել է շան կողմից մի այլ շան թաթը չկծելու մասին ասացվածքը:
Եզրակացություն 3. Դուք հզոր եք, երբ ձեր դիմաց մի որեւէ խեղճուկրակ մարդ է կանգնած, սակայն ահից կուչ եք գալիս, հենց որ հանդիպում եք ռեժիմի պահապան որեւէ պաշտոնյայի:
Դե հիմա ասեք, սիրելի ընթերցողներ, էսքանից հետո իրավունք ունե՞մ ՀՔԾ հապավումը բացելու ոչ միայն իբրեւ Հանցագործությունների քողարկման ծառայություն, այլեւ իմ ուզած «գեղեցիկ» ձեւով:
Շնորհակալություն՝ հարցիս դրական պատասխան տալու համար:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2014
Ընթերցելուն զուգահեռ մտորում էի ՀՔԾ հապավման «գեղեցիկ» ձևի մասին, և ի վերջո կանգ առա մի տարբերակի վրա.
ՀՔԾ – հոգին քրքրվածների ծառայություն,
Հ.Գ. Գրելիս ավելի մոտ տարբերակ գտա՝ հոգին քունմտածների ծառայություն 🙂
Ողջունում եմ ներկայիս գլխավոր դատախազի աշխատաոճը, նա նախկին ԽՍՀՄ-ի կաշառակեր ու կոռումպացված կադրերից չէ, ունի ինքնասիրություն և պատասխանատվություն և իմ կարծիքով նա ավելի կոշտ է վերահսկելու իր ենթականերին և դա ներկայումս պահանջված ու օրհասական է Հայաստանի խեղճ ու կրակ ժողովրդի համար, քանի որ հայաստանից մեկնում են հիմնականում իրավական սովի պատճառով,այլ ոչ թե դժվար կյանքից, քանի որ այդ տխրահռչակ քննիչներն ու դատավորներն իրենց ախշատանքը սարքել են առևտուր: եթե օրենքին բերան ունենար կթքեր նրանց ճակատին: