Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնը կօգնի փախստականներին ինտեգրվել

Նոյեմբեր 28,2014 15:30

Մեր կյանքը լի է ե՛ւ բարդություններով, ե՛ւ ցավով, ե՛ւ ուրախությամբ: Ուրախ ենք, որ ապրում ենք, որ տեսնում ենք, թե ինչպես են մեծանում մեր երեխաները՝ մեր ապագա սերունդը, որ խաղաղ է մեր երկինքը: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա դրանց մասին խոսելիս ամեն ոք կթվարկի ե՛ւ ընդհանուր, ե՛ւ անձնական խնդիրներ: Սակայն կա մի բան, ավելի շուտ՝ խնդիր, որի մասին լսելիս ցավ ենք ապրում բոլորս, անգամ եթե մենք կամ մեր հարազատները չեն եղել այդ իրավիճակում: Դա «փախստական» բառն է:

Հարկ չկա նկարագրել, թե ինչպիսի հոգեկան եւ ֆիզիկական ցավ են ապրում նրանք, որոնք կորցնում են իրենց հարազատներին, թողնում են իրենց տները, հայրենի երկիրը եւ տեղափոխվում մի այլ երկիր, այնտեղ, որտեղ դու միշտ կանվանվես կամ կզգաս քեզ փախստական՝ կարծես քո դեմքին եւ հոգու վրա սպի է կամ խարան: Ես հիշում եմ, թե ինչպես էին իրենց զգում մեր երկրում Բաքվից, Սումգայիթից կամ Ղարաբաղից եկած փախստականները, եւ ամենացավալին այն էր, որ կային մարդիկ, որոնք մարդկային ջերմ վերաբերմունքի փոխարեն կարող էին դժգոհությամբ խոսել նրանց մասին: Արդարությունը, իհարկե, պահանջում է նշել, որ այդպիսի մարդիկ չէին կազմում մեծամասնություն: Եվ նորից փախստականներ, այս անգամ արդեն՝ Սիրիայից, Լիբիայից, Իրաքից, Ուկրաինայից:
Մենք, իհարկե, ունենք պետական հիմնարկություն՝ փախստականների եւ միգրացիայի հարցերով զբաղվող կենտրոն, այլ կազմակերպություններ, որոնք անշուշտ անում են այն ամենը, ինչ պետք է մարդկանց գրանցելու, օգնելու եւ այլ հարցերը լուծելու համար: Իսկ ինտեգրվելը մեր հասարակության մեջ, օգնել, ինչով կարող ենք՝ դա արդեն ամեն մեկիս պարտականությունն է:

Այս երկար նախաբանից հետո ժամանակն է խոսել հենց այնպիսի միջոցառման մասին, որն ունի շատ լավ հեռանկարներ, եւ ցանկանալ, որ նախատեսվածը իրագործվի: Ուկրաինայից եկած փախստական, որն արդեն, կարելի է ասել, ձեռներեց է՝ պարոն Գ. Մկրտչյանը (նա եկել է իր ընտանիքի հետ), որոշել է կազմակերպել փախստականներին օգնելու կենտրոն, կենտրոն, որը կզբաղվի փախստականներին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Նախագծերում կան տարբեր ենթակետեր, որոնք կօգնեն տարբեր երկրներից եկած փախստականներին գտնել աշխատանք եւ լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու ջերմության մթնոլորտ ստեղծել նրանց արագ ինտեգրման համար:
Առաջին հյուրերի կազմում, որոնց հրավիրել էր պարոն Մկրտչյանը, կային տարբեր հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Յունիստ» ուկրաինական երիտասարդական կազմակերպության եւ ուկրաինական համայնքի ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում հնչում էին ուկրաինական, հայկական երգեր, եւ սեղանի մոտ արտահայտվում էր միայն մի շատ վառ ցանկություն, որ լինի խաղաղություն, որ բոլոր քաղաքական հարցերը լուծվեն միայն խաղաղ երկխոսության ճանապարհով:

Հայաստանը խաղաղասեր երկիր է, այստեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ապրում են իրար եւ Հայաստանի հանդեպ, որն իրենց երկրորդ հայրենիքն է, բարեկամության եւ սիրո զգացումով, եւ այդ մարդկանց համար մեր երկիրը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը, որտեղ իրենք ապրում են բարեկամության եւ սիրո մթնոլորտում: Այդ ազգերի ներկայացուցիչները չեն ուզում քաղաքական հարցեր շոշափել, նրանք ցանկանում են օգնել այն մարդկանց, որոնք դարձել են անմեղ զոհեր եւ կարիք ունեն ջերմ, բարի վերաբերմունքի ու մարդկային օգնության:

Մոտ ժամանակներս նախատեսված է կենտրոնի պաշտոնական բացումը:

ԼԱՐԻՍԱ ՄԱՍԼԻԿ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930