Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերիան ասում էր՝ «Կան մարդիկ՝ կճարվեն հոդվածներ», իսկ Ալիկ Սարգսյանը՝ «Կան հոդվածներ՝ կճարվեն մարդիկ»

Նոյեմբեր 28,2014 15:00

«Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը բաց նամակով
դիմել է ՀՀ նախագահին: Ստորեւ տպագրում ենք մի հատված

-Ես՝ Արտուշ Ռուբիկի Հակոբյանս, առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետեւ ես որեւէ կապ չունեմ դրա հետ։ Ինձ առաջադրված մեղադրանքը չունի ոչ մի իրավական հիմնավորում եւ այն ոչ այլ ինչ է, քան շոուի սցենար, որի հեղինակն է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նախաքննող մարմնին, որը կազմել է այս աբսուրդ մեղադրական եզրակացությունը, ասեմ, որ վերջինս շուրջ 1 տարի զբաղված էր ոստիկանության կեղծ եւ շինծու ապացույցները ինչ-որ փորձաքննությունների միջոցով հարմարեցնելով, վկաների հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների ներքո իմ դեմ զրպարտական ցուցմունքներ կորզելով, ինչպես դատարանում պարզվեց՝ Հովսեփ եւ Զարուհի Հովնանյանների տված ցուցմունքների եւ բարձրաստիճան ոստիկանապետերի պատվերները կատարելով, փոխարենը՝ օբյեկտիվ քննություն վարելու, իրական հանցագործներին բացահայտելու եւ գողոնը հայտնաբերելու։ Քննիչ Հարությունյանը կատարել է ոչ թե քննիչի, այլ գրիչի դեր, ասեմ ավելին՝ նախաքննող մարմինը ոչ մի դրվագով չի բացահայտել այս քրեական գործով գլխավոր սրիկային կամ սրիկաներին, որոնցից ծնունդ են առել բոլոր հանցագործությունները, այսպես կոչված՝ նակոլչիկներին։ Չէ՞ որ նրանք էին հանդիսանում այն կծիկի ծայրը, որից քաշելով կարելի կլիներ քանդել կծիկը եւ ստանալ թե՛ հանցագործությունների իրական պատկերը եւ թե՛ իրական հանցագործներին։ Տուժողները կստանային ամենաշատն իրենց հուզող հարցի պատասխանը, թե ո՞վ էր այդ բարեկամի, հարեւանի կամ ընկերոջ դիմակով սրիկան, որն իրենց տուն է մտել, հաց կիսել, շատ հնարավոր է՝ իրենց հնարավորություններից օգտվել եւ անամոթաբար իրենց վրա «նակոլկա» տվել։ Ահա թե որտեղից պետք է նախաքննող մարմինը սկսեր իր գործը։ Գործով բացահայտված չեն գլխավոր սրիկաները, հայտնաբերված չէ գողոնը, կամ գողոնից գոյացած գումարը, հայտնաբերված չեն չհրկիզվող պահարանները, որոնք արդեն իսկ իրենցից արժեք չեն ներկայացնում, բայց դատարանում կարող էին լինել անհերքելի ապացույց։ Իսկ ամբաստանյալի աթոռին նստած են մի խումբ նմանատիպ հոդվածով նախկինում դատվածներ, որոնք անգամ իրար չեն ճանաչում, ավելի ճիշտ՝ ես եւ Արման Դալլաքյանը (հանգուցյալ-խմբ) չենք ճանաչում մյուս 4-ին, նաեւ Գուրգեն Հայրապետյանին (հանգուցյալ-խմբ), նրանք էլ, բնականաբար, չեն ճանաչում մեզ։

Ալիկ Սարգսյանի եւ իր ղեկավարած գերատեսչության գերխնդիրն էր ցանկացած հնարքներով բացահայտման ցուցանիշ ցույց տալ։ Այսպես կոչված՝ «բանդայի» կատարած հանցագործություններով, որպեսզի խուսափեին երկրի նախագահի նախատինքներից, պաշտոնանկումներից եւ վերջիններս իրենց գերնպատակներին հասնելու համար, հանդիսանալով օրենքի պաշտպաններ, մի կողմ են դնում ամրագրված օրենքները եւ օրենսդրությունները եւ սկսում են գործել 37 թվի բերիական սկզբունքներով։ Միայն մի տարբերությամբ՝ Բերիան ասում էր՝ «Կան մարդիկ՝ կճարվեն հոդվածներ», իսկ Ալիկ Սարգսյանը՝ «Կան հոդվածներ՝ կճարվեն մարդիկ»։

Եվ ինչպես կասեր հարգելի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ միլիցու հոգեբանությամբ ղասաբական մեթոդներով ցուցմունքներ են կորզում թե՛ վկաներից, թե՛ ամբաստանյալներից, անգամ լուսահոգի Արման Դալլաքյանին ինքնասպանության հասցնում, որն, իմիջիայլոց, քրեորեն պատժելի է։ Ես ստիպված եմ իմ անմեղությունն ապացուցելու եւ ունեմ մի շարք հիմնավոր ապացույցներ, որ կապ չունեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ։ 1. Սկսեմ նրանից, որ ես ֆինանսապես ապահովված գործարար մարդ եմ, եւ իմ բիզնեսները լիովին ապահովում էին իմ բարեկեցիկ կյանքը եւ ես իմ ծնողների, ընտանիքի, վերջապես իմ հանգիստ կյանքը չէի փոխի ոչ մի հարստության հետ։ 2. 2006-ին ազատվելուց հետո ես միշտ եղել եմ ոստիկանության հսկողության տակ, ինձ բազմիցս բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ եւ հարցաքննել տարբեր՝ ինձ անհայտ հանցագործությունների շրջանակներում։ Իսկ Կենտրոնի ոստիկանապետի քրեական գործով տեղակալ Գրիշա Ամիրխանյանն ինձ օր ու արեւ չի տվել, շողքի պես հետեւել է, ասել՝ միեւնույն է, ես քեզ դատելու եմ։

Քանի անգամ փորձեր են արել՝ ինձ իրենց ագենտների միջոցով ներքաշել ինչ-որ հանցավոր գործունեության մեջ, բայց իրենց մոտ չի ստացվել, քանի որ ես չէի ուզում հայտնվել այն ճահճում, որից հազիվ էի պրծել։ 2010 թ. անգամ կնոջս ձերբակալեցին եւ ինձ առաջարկեցին, որ որոշակի գումար կաշառք տալու դեպքում կազատենք, արտահանձնում չենք անի Վրաստան եւ ուզում էին ինձ կաշառքի պահին բռնել, այն էլ՝ ժամանակին ինձ բարի մարդիկ գլխի գցեցին եւ նրանց դավադիր պլանը ձախողվեց։ 3. Ես երկու օր բոլոր ԶԼՄ-ներով նայել եմ, թե ինչպես են ինչ-որ բանդա վնասազերծել, անգամ հեռուստացույցով նայել եմ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ելույթը, որ բանդան վնասազերծված է, իսկ պարագլուխը գիտենք ով է եւ ուր որ է կձերբակալենք։ Ես եթե կապ ունենայի ինձ առաջադրված մեղադրանքի հետ, հաստատ տեղումս նստած չէի մնա, կամ չէի գնա ռեստորանում նստեի, որ գային ինձ ձերբակալեին։ 4.Հարգելի նախագահ, ինձ քանի ամիս հետեւել են, գաղտնալսել, եւ 2011 թ. սեպտեմբերի 24-ին ձերբակալել են՝ իմ բարեկամների, գործընկերների, ծանոթների տներում լինելով, որեւիցե տեղից որեւիցե մի բան չի հայտնաբերվել։ Ինձ մեղադրում են՝ իբր 2011 թվականի օգոստոսի 21-ին մասնակցել եմ Նապոլեոն Ազիզյանի տան ավազակային հարձակմանը, մինչդեռ, այդ օրն իմ ընկերոջ՝ Արմեն Մկրտչյանի ծննդյան օրն էր, եւ մենք միասին ենք եղել, երբ կատարվել էր այդ ավազակային հարձակումը։

Հիմա թե տուժողների, թե ժողովրդի մտքում, հավանաբար, հարց կծագի, թե ինչպե՞ս հայտնվեցի ամբաստանյալի աթոռին, այն էլ այսպիսի պատվավոր դերում։ Ալիկ Սարգսյանի հետ լինելով բարեկամաթշնամական հարաբերությունների մեջ, վերջինս օգտվել է պաշտոնեական դիրքից՝ իմանալով իմ կենսագրությունը։ Ձերբակալվելուցս 2 օր անց ԶԼՄ-ներով ելույթ է ունենում, հայտարարում, որ Արտուշ Հակոբյանը բանդայի պարագլուխն է՝ թյուրիմացության մեջ գցելով թե Ձեզ՝ նախագահին, թե՛ տուժողներին, թե՛ ժողովրդին։ Մեծարգո նախագահ, խնդրում եմ անմիջական վերահսկողությունը, այսպես կոչված՝ «Բանդա»-ի գործով եւ Ձեզ պարզ կդառնա, թե ինչպես է ստացվում, որ իրական հանցագործների փոխարեն ամբաստանյալի աթոռին են հայտնվում մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն իրենց առաջադրված մեղադրանքների հետ, հանձինս ինձ եւ լուսահոգի Արման Դալլաքյանի, մյուսներին չեմ ճանաչում, ոչինչ չեմ կարող ասել։ Կներեք նման ձեւով Ձեզ դիմելու համար, ես ուրիշ տարբերակ չունեի՝ ձայնս եւ խոսքս Ձեզ հասցնելու համար։

Քանի որ խոսք գնաց Արման Դալլաքյանի մասին, ասեմ՝ Արմանն իմ շրջապատի ամենահարմար թեկնածուն էր, 2 ամիս առաջ էր ազատվել։ Դալլաքյանից այնպիսի կեղտոտ մեթոդներով են կորզել ցուցմունքները, որ անգամ անհարմար եմ զգում բարձրաձայնել։ Բայց քանի որ 2013 թ. հոկտեմբերի 28-ին դատարանում նայում էինք Դալլաքյանի տեսագրությունը, հարգելի մեղադրողը հայտարարեց, որ կտտանքներ չեն եղել։ Հարգելի մեղադրող, կտտանքները փառք են, Դալլաքյանի թեւերը շղթայել են, շալվարը իջեցրել, ռետինե մահակը մոտեցրել հետույքին… ասելով՝ նկարելու ենք, տեսանյութը ուղարկելու ենք ձեր թաղ, գցելու ենք ինտերնետ։ Այդ կորզված ցուցմունքներն ավելի շատ աբսուրդ են, քան ինչ-որ ապացույց։ Եթե կտտանքներ եւ ավելի կեղտոտ մեթոդներ չեն եղել, ինչո՞ւ Արմանը ինքնասպանության փորձ արեց, դանակը 4 անգամ փորը խցկեց, որ պրծնի այդ խայտառակությունից։ Անգամ Արմանը խաբել է ոստիկաններին, որ իբր ռացիա է գցել Սուրբ Սարգսի դիմացի ձորը, երբ նրան տարել են այնտեղ, փորձել է իրեն ցած գցել, որ պրծնի այդ հրեշների ձեռքից։ Արմանի տեսագրության ցուցմունքը աբսուրդ է այնքանով, որ ես եւ նա լինելով եղբայրներ՝ գնացել ենք ավազակային հարձակման իրարից անտեղյակ։ Ո՞րն է սրա լոգիկան։ Կամ՝ որ Արման Դալլաքյանը ցուցմունք է տվել, թե իբր 2005թ. ծանոթացել է Գուգոյի՝ Գուրգեն Հայրապետյանի հետ, այն դեպքում, երբ 2003-2007թթ. Արմանը Հայաստանում չի եղել, գտնվել է ՌԴ-ում։

(Շարունակելի)

 

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930