Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի տնօրենը վստահեցնում է

Նոյեմբեր 28,2014 14:00

Դիզայներն անհանգստանալու առիթ չի ունենա,
խնդիրն էլ առաջիկա օրերին լուծում կստանա

Վերջերս ընթերցողին ներկայացված Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատորյակի առիթով հիացական կարծիքներ տարածվեցին ոչ միայն հեղինակի, այլեւ գրքերի ձեւավորումը իրականացրած երիտասարդ դիզայներ Սոֆի Հարությունյանի հասցեին։ Շնորհավորանքներին զուգահեռ, ինչպես «Առավոտին» հայտնեց դիզայները, իր խոսքերով, հայտնվել է տհաճ իրավիճակում։ «Անունս գրանցվել է Կենսաթոշակային հիմնադրամի ցուցակներում։ Այս մասին ինձ տեղեկացրին «Անտարես» մեդիա-հոլդինգի հաշվապահությունից, որի աշխատակիցն եմ ես։ Բայց «Կենսաթոշակային օրենքը», ինչպես գիտեք, տարածվում է պետական հիմնարկների աշխատակիցների վրա, մինչդեռ «Անտարեսը» մասնավոր ձեռնարկություն է»։ Հավելեց նաեւ, որ ինքը հոժարակամ չի դիմել կենսաթոշակայինին։

Sofi_Harutyunyan

Իսկ իրականությանը չհամապատասխանող լուրը ստանալուն պես դիմել է Կենտրոնի հարկային տեսչությանը եւ այնտեղից ստացել տեղեկանք, որտեղ գրված է, թե ինքը՝ բացի «Անտարեսից», իբր վերջին 2 տարվա ընթացքում աշխատել է նաեւ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ «Այդ թատրոնում երբեք չեմ աշխատել, պարզապես այնտեղ 2011 թ. անցել եմ մեկշաբաթյա պրակտիկա,- ասաց Սոֆի Հարությունյանն ու հավելեց։- Կապվեցի թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանի հետ։ Սկզբում նա հրաժարվում էր ընդունել իրենց անօրինական գործողությունները։ Ի վերջո, ընդունելով սեփական հակաօրինական աշխատաոճը, առաջարկեց առանց աղմուկի լուծում տալ հարցին։ Ասաց նաեւ, թե ինքը պայմանագիրը կուղարկի եւ ես կստորագրեմ։ Իհարկե՝ հրաժարվեցի…»։

Սոֆի Հարությունյանի՝ խմբագրությանը ներկայացրած ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հատկացված տեղեկանքում ¥լուսանկարում) ամրագրված է, որ դիզայները 01.11.2013-26.11.2013 թթ. եւ 01.10.2014-12.10.2014 թթ. աշխատել է Արտաշատի թատրոնում եւ միայն առաջին ժամկետի համար է ստացել 50 հազար դրամ։

Մեր զրուցակից արվեստագետը խնդրեց «Առավոտի» այս հրապարակումը ընդունել որպես դիմում դատախազությանը, քանի որ, բացի իրավական ճանապարհից, այլ ուղի չի տեսնում, եւ որ ամենակարեւորն է՝ վերացնել իր անվան դիմաց Կենսաթոշակային հիմնադրամի ցուցակներում գրանցված կեղծ տվյալները։

Խնդրի առիթով պարզաբանում խնդրեցինք Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանից։ Վերջինս նախ նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի նաեւ սխալվելու իրավունք, հետո էլ հայտնեց. «Դիզայներ Սոֆի Հարությունյանի հետ, իրոք, կապվել է կարճաժամկետ պայմանագիր, որի մասին ցանկացել եմ տեղյակ պահել իրեն՝ արվեստագետին, սակայն Սոֆիի հեռախոսահամարն անընդմեջ անհասանելի էր։ Հենց այդ պատճառով է առաջացել նման թյուրիմացությունը։ Կանգ չեմ առել, ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով դիմել եմ համապատասխան պատկան մարմիններին, որոնք արդեն զբաղվում են այս հարցով։ Հավաստիացնում եմ՝ առաջիկա օրերին խնդիրը լուծում կստանա։ Վստահեցնում եմ նաեւ, որ երիտասարդ արվեստագետն այլեւս անհանգստանալու առիթ չի ունենա»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Սոֆի Հարությունյանի՝ «Սուլամիթա.
Սեւակի մեծ սերը» գրքի դիզայնը։

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. Դեղտրիկյան says:

    Օ ինչ անմեղություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930