Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշանա՞լ սոցցանցերից, թե՞ հաղթահարել կախվածությունը

Նոյեմբեր 28,2014 13:00

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անհնար է յուրաքանչյուրիս օրը պատկերացնել առանց համացանցի։ Հատկապես սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի, բնականոն գործունեության անբաժանելի մասը, որոնք հանդես են գալիս ոչ միայն հաղորդակցություն ստեղծելու, կապ հաստատելու, այլեւ տեղեկատվություն տարածելու, գովազդային, ինչպես նաեւ առեւտրային գործունեություն տարածելու նպատակով։ Բայց շատ հաճախ, այդ նույն սոցիալական ցանցերը կախվածության մեջ են գցում օգտատերերին՝ դարձնելով «գերի»։

Ըստ հոգեբան Նարինե Հովակիմյանի՝ սոցիալական ցանցերն ամենավտանգավորներն են հատկապես դեռահասների եւ պատանիների համար. «Յուրաքանչյուրն ունի սոցցանցերում գրանցվելու իր պատճառները, ոմանք փորձում են գտնել հին ընկերներին, ծանոթներին, ոմանք ինչ-որ գործունեություն ծավալելու համար, ոմանք էլ՝ ուղղակի կապեր ստեղծելու եւ ծանոթություններ հաստատելու համար։ Սոցիալական ցանցերի պահանջմունքն աճում է օրեցօր՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի մարդկանց։ Բայց հատկապես այն խարխլում է դեռահասների եւ պատանիների հոգեբանությունը։ Քանի որ ավելի ցածր տարիքային խմբերի մարդիկ հակված են սոցցանցերում ինքնահաստատվելու, իսկ հակառակ դեպքում, երբ հիասթափություններ են ապրում, ապա դա շատ վատ անդրադարձ է ունենում նրանց կյանքի եւ հոգեբանության վրա»։

Ցանցային աղբյուրները չի կարելի ամբողջապես գնահատել որպես դրական կամ բացասական։ Մի կողմից դրանք բավականին հեշտացնում են ժամանակակից մարդու կյանքը, մյուս կողմից՝ ոչ բոլորն են գիտակցում վտանգի աստիճանը, որն իր մեջ կրում է վիրտուալ շփումը։ Ամենավտանգավոր խնդիրը կայանում է նրանում, որ շատ մարդիկ ամբողջական կախվածության մեջ են ընկնում սոցցանցից եւ այլեւս չեն կարողանում իրենց կյանքը պատկերացնել առանց դրա։

Նարինե Հովակիմյանի համոզմամբ՝ Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվելու հիմնական պատճառը դեռեւս ոչ թե աշխատանքային գործունեություն ծավալելն է, այլ հենց անձնական շփում հաստատելը. «Միմյանց հետ մշտապես հաղորդագրությունների փոխանակմամբ՝ նրանք մոռանում են անձնական շփման մասին, որոշ օգտատերերի մոտ դա հասնում է այն աստիճանի, որ նրանք սկսում են իրենց գումարները ծախսել վճարովի աղբյուրների վրա, ընդ որում՝ հաճախ անգիտակցաբար։ Ժամանակի ընթացքում մարդու մոտ կարող է զարգանալ կայքում մշտապես ներկա լինելու պաթոլոգիական կախվածություն, որից նա ինքնուրույն արդեն չի կարող ազատվել։ Այսպիսի կախվածությունը նման է թմրադեղային կամ ալկոհոլային կախվածությանը»։
Սոցցանցերից կախվածությունն առաջանում է մի շարք պատճառներով:

Մարդը սոցցանցում իրեն ավելի վստահ է զգում, քանի որ զրուցակիցը չի տեսնում նրան, չի կարող գնահատել նրա արտաքինը, պահվածքը եւ այլն: Դա մեծ դաշտ է ինքնարտահայտվելու եւ ցուցադրվելու համար: Նարինե Հովակիմյանի փաստմամբ՝ յուրաքանչյուր ցանցային կախվածություն առաջանում է իրական կյանքում ունեցած բարդույթներից եւ խնդիրներից. «Ցանցային աղբյուրներից օգտվելու սուր ձգտումը յուրատեսակ հիվանդություն է, որը կարող է առաջանալ որոշակի անձնային կամ հոգեբանական խնդիրներից, չիրականացված ցանկություններից, ինչպես նաեւ՝ շփման հարցում թաքնված բարդույթներից եւ բարդություններից։ Չէ՞ որ վիրտուալ աշխարհում շատ ավելի հեշտ է ինքնարտահայտվել եւ իդեալական կերպար ստեղծել»։

22-ամյա Ռոզա Մխիթարյանը, թեեւ իրեն չի համարում սոցցանցերի «գերի», բայց, այնուամենայնիվ, չի հերքում, որ օրվա զգալի ժամանակը ծախսում է սոցցանցում՝ ընկերների հետ շփման վրա. «Օրվա ընթացքում հաճախ եմ ստուգում նամակներս, պատասխանում դրանց, հետեւում նորություններին եւ երբեմն այնպես է ստացվում, որ գրեթե ամբողջ օրս կապված եմ համացանցին։ Ինքս ինձ սոցցանցերից կախվածության մեջ ընկած մարդ չեմ համարում, քանի որ ժամանակ առ ժամանակ եղել են դեպքեր, երբ չեմ օգտվել սոցցանցից, եւ դա ինձ մեծ խնդիր չի թվացել, կարծում եմ՝ մարդիկ սոցցանցերում ունեն նեղ հետաքրքրություններ ու դա հաճախ դիտվում է որպես կախվածություն։ Ցանկացած գիտակից մարդ, երբեք չի կարող մոլորության մատնվել կամ տուժել սոցցանցերից, դա արդեն գալիս է մարդու մտածելակերպից, դաստիարակությունից եւ աշխարհընկալումից։ Նրանք, ովքեր զոհ են դառնում սոցցանցերին՝ սխալ են հասկանում դրա իրական նշանակությունը եւ դրան առավել շատ տեղ են հատկացնում»։

23-ամյա Դիանա Հակոբյանը նշեց, որ սոցիալական ցանցերը նրան առանձնակի չեն հետաքրքրում, քանի որ դրանք իրական կյանքի հետ անգամ քայլ մեկնել չեն կարող. «Սոցցանցերից առհասարակ չեմ օգտվում, ավելի նախընտրում եմ հեռախոսով կամ ֆիզիկական շփումը, դա թույլ է տալիս մարդկանց ավելի լավ ճանաչել ու հասկանալ, իսկ սոցիալական ցանցերում մարդիկ հաճախ ծանոթանում ու շփվում են առանց միմյանց իրականում տեսնելու կամ լսելու։ Դրանց վատ ազդեցության մասին կարծում եմ՝ բոլորն են հասկանում ու գիտակցում, ինչպես ծխախոտինը, բայց չեն ընդունում եւ ոչինչ չեն ձեռնարկում։ Մարդիկ այսօր շատ չեն կարդում գրքեր, չեն շփվում մարդկանց հետ, իսկ էմոցիաների, տրամադրության եւ հուզմունքի արտահայտման միակ միջոցն այսօր սմայլիկներն են, դրանք իրար են ուղարկում առանց այս կամ այն բանը զգալու, այսինքն՝ մարդիկ շուտով չեն էլ կարողանա արտահայտել այդ ամենն իրականում եւ կվերածվեն «անշունչ սմայլի»։

Համացանցը վատ բան չէ, նույնիսկ պարտադիր պայման է ժամանակակից մարդու համար՝ տեղեկատվության եւ շփման հրաշալի հարթակ, սակայն հարկավոր է իմանալ սահմանները, պլանավորել ժամանակը եւ պահպանել քննադատական վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ:

ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930