Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես են նախընտրում հանգստանալ երիտասարդները

Նոյեմբեր 28,2014 12:30

Ազատ ժամանակը լցնելն անհատական է

Երիտասարդները լարված առօրյայից ազատվելու կամ պարզապես ամեն օրը հագեցած եւ դրական անցկացնելու առումով տարբեր նախասիրություններ ունեն: Օրինակ, Նինա Սեյրանյանը (լուսանկարում) նախընտրում է ազատ ժամանակի մեծ մասն անցկացնել թատրոնում. «Այն իմ երկրորդ տունն է, իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում նաեւ պարը, այն իմ ամենասիրելի հոբբին է: Սիրում եմ ընկերներիս, մոտ մարդկանց հետ հաճախել ջերմ մթնոլորտ ունեցող ժամանցային վայրեր՝ կրկին պարելու նպատակով, ինչպես նաեւ գնում եմ կինոթատրոն, երեկոյան գիրք եմ կարդում, նկարում, երաժշտություն լսում: Շատ անգամ փորձում եմ մեկ օրվա ընթացքում համատեղել այս ամենը»:

futbolist

Լիանա Յագմուրյան

Լիանա Յագմուրյանը Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է, ուստի ժամանակի մեծ մասը տրամադրում է ֆուտբոլին: Ասում է՝ դա ե՛ւ զբաղմունքն է, ե՛ւ աշխատանքը: «Ավելի ճիշտ, գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, բայց մասնագիտական ուղղությանս մեջ տեղ են գրավում նաեւ շրջագայությունները, շփումը այլ ֆուտբոլիստների հետ, այս ամենին գումարած պարապմունքներս՝ ստացվում է, որ իմ առօրյան արդեն իսկ հագեցած եւ հետաքրքրական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Անի Հովհաննիսյանի աշխատանքային գրաֆիկը բնավ չի խոչընդոտում համատեղել դաշնամուրի, կիթառի, ինչպես նաեւ ազգագրական պարի դասերը: Ասում է՝ օրը հագեցած է եւ շատ ակտիվ. «Հաճախ հանդիպում եմ ընկերներիս եւ թատրոն, կինո գնում, հետեւում եմ նաեւ հեղինակային երգի համերգներին, գիշերները սիրում եմ լավ ֆիլմ կամ մուլտ նայել»:

Եվգենյա Սարկիսյանն ազատ ժամերին նախընտրում է զբաղվել լուսանկարչությամբ, քայլել երեւանյան փողոցներով եւ նկարել մայրաքաղաքի գեղեցկությունը:

Լուսինե Սաղաթելյանը, ի տարբերություն այլ երիտասարդների, ազատ ժամերը դրսում չի պատկերացնում, գերադասում է տանը խաղեր խաղալ, գիրք կարդալ, զբաղվել ինտերիերի դիզայնով: «Ազատ ժամանակ նաեւ աշխատանք եմ փնտրում»,- հավելում է նա:

taslakyan

Տիգրանուհի Թասլակյան

 

Տիգրանուհի Թասլակյանն անում է այն, ինչ պարտադրված չէ: «Սիրում եմ ընթերցել, բայց չեմ սիրում, որ մագիստրոսական ավարտական շրջանում մասնագիտական գրականություն եմ կարդում: Շատ եմ սիրում ներկայացումներ դիտել, փորձում եմ դրանցից ոչ մեկը բաց չթողնել, ֆիլմեր էլ եմ սիրում, սիրում եմ նաեւ երաժշտություն լսելով զբոսնել կամ էլ ընկերներիս ու սիրելի մարդկանց հետ շփվել, քայլել, վազել… Մի խոսքով, ազատ ժամանակ ես չունեմ, բոլոր թվարկումներս տեղի են ունենում հենց զբաղված ժամանակ»,- նշում է նա:
Մեր հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ առօրյան լիարժեք հագեցնելն անհատական է, ընտրությունը կախված է նաեւ մարդու խառնվածքից: Ուստի յուրաքանչյուրը կարող է գտնել ժամանակ եւ ստեղծել այն մթնոլորտը, որտեղ կարող է դուրս կգա միապաղաղ եւ նույնակերպ վիճակից:

ՇՈՒՇԱՆ ԻՍՊԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930