Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը, խոսելով Գյումրու «Էսկադա» պարի թատրոնի մասին, մեկ անգամ ևս բարձրաձայնեց, որ երեխաները պարապում են բետոնե կեղտոտ հատակների վրա և նրանց անհրաժեշտ են համապատասխան պայմաններ ու կառույց: «Երեխաները, որոնք ընդհանրապես զուրկ են պայմաններից, պարապում են ինչ-որ անհաջող նկուղում, դրանից հետո մեծ բեմ բարձրանալը, մեծ բան է, մենք պետք է խոնարհվենք նրանց առջև: Ես շատ անգամ եմ այստեղ եղել ու ասել եմ, որ հնարավոր չէ փորձերը շարունակել, այնտեղ բետոնե հատակ է, երեխաները սահում են կեղտոտ բետոնե հատակի վրա: Սա չի ուղղվի, մինչև չտրամադրեն նորմալ պայմաններ ու կառույց: Ամբողջ աշխարհում պարը պահանջում է պայմաններ, մենք բազում անգամ հյուրախաղերի ենք եղել և տեսել են, թե օրինակ՝ ԱՄՆ-ի , Կորեայի միջնակարգ դպրոցներում ինչ հարգանքով ու ուշադրությամբ են վերաբերում, մեծ, գեղեցիկ դահլիճներ, որոնցից և ծնվում են ապագա աստղեր», -ասաց աշխարհահռչակ բալետմեյստերը, որը իր խմբով եկել էր Գյումրի՝ «Էսկադա» պարի թատրոնի 20-ամյակին ելույթ ունենալու ու պարերը բեմադրելու:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ