Այսօր՝ նոյեմբերի 27-ին «Հայ գիրք» գրախանութում գերմանաբնակ գրող Սեւակ Արամազդը ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Արեւի լեռը» վեպը: Հեղինակն ասաց, որ այն իրեն ամենաշատն է տառապանք պատճառել, ի տարբերություն նախորդների գրքերի՝ գրել է հինգ տարում: Նաեւ հավելեց, որ այսօր ներկայացվածը «Արեւի լեռը» վեպի 5-րդ պատումն է: Հեղինակն անընդհատ փորձել է կատարելագործել այն:
«Տպագրությունից առաջ էլ կացինն առա ու ընկա խեղճ վեպի ջանին, էլի մի քառասուն էջ զոհ գնաց մոլեգնությանս»,- պատկերավոր ասում է Սեւակ Արամազդը:
Նրա ձեւակերպմամբ, վեպի շարժառիթը մանկությունն է, ավելի ճիշտ՝ մանկության գաղտնիքը: Գրողը փաստում է՝ ոչ կրոնները, ոչ փիլիսոփայությունը, ոչ էլ գիտությունը մինչ այսօր մանկության հարցերին պատասխան չեն գտել:
Կարդացեք նաև
«Արեւի Լեռը» մանկության կյանքի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է, վեպի հերոսն էլ Արեգն է։ Վեպում հեղինակի մանկության հուշերն ու զգացողություններն են:
Գրականագետ, արձակագիր Նորայր Ադալյանը Սեւակ Արամազդին բնորոշեց իբրեւ գրող-գիտնական, իսկ 20-րդ դարի գեղարվեստական գրականությունը՝ գիտություն: Նա նաեւ հավելեց, որ Սեւակ Արամազդը արժեքավոր գրականություն է ստեղծում, ինչ մասին կա՛մ չկամությամբ լռում են, կամ էլ հեղինակին հայրենիքում առանձնապես չգիտեն:
Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որը մեծ տեղ է տալիս ժամանակակից գրողներին: «Արեւի լեռն», ի դեպ, դասական ուղղագրությամբ է գրվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ