Ավետիք Բուդաղյանի հորաքույր, Գորիսի բնակիչ Անժելա Բուդաղյանը պատմում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն ինչ արել է՝ Գորիսի (2000-2014 թթ) քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին իր տեղակալ նշանակելու համար:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատախազությունը, արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («asekose.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «aravot.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել, որ նախկին քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:
«Գորիսում բոլորն էլ գիտեն, որ Նելսոն Ոսկանյանն ինչ արել է, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ է արել: Ոչ մի լավ քաղաքապետ չի եղել, նա ճկռած, պպզած միայն մարզպետի հանձնարարություններն է արել: Քաղաքապետի կնիքը մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչի մոտ է եղել, ինչ ուզել, արել են»,- Aravot.am-ին ասաց Անժելա Բուդաղյանը:
Նրա պատմելով, մարզպետը քաղաքապետի միջոցով Գորիսում մի շարք հողատարածքներ է յուրացրել ու սեփականաշնորհել իր հարազատների անուններով.« Նելսոն Ոսկանյանն էլ հայտարարել է, թե ես մարզպետի համար էդքան բան անեմ ու կողքի՞ մնամ: Ամենքը քանի տեղ տուն են կառուցել, Ֆրանսիայում տուն են կառուցում, Երեւանում տուն են կառուցում: Նախկին քաղաքապետը Սուրիկ Խաչատրյանի աջ ձեռքն էր, ուզում էր տանել իր տեղակալ, բայց այդ գործերը շատ են, էլ ծածկել հնարավոր չէր»:
Նելսոն Ոսկանյանից տուժած քաղաքացու բացահայտումները կներկայացնենք քիչ ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ