Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարող պատահի, որ Տիգրան Կարապետյանը ԲՀԿ-ի հասցեին այդպիսի բան ասած լինի». Միքայել Մելքումյան

Նոյեմբեր 27,2014 21:07

Այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում էր, որ եռյակը շենք է կառուցում եւ չի շեղվի իր այդ գործից:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսից այնպիսի տպավորություն էր, որ եռյակը ոչ թե շենք է կառուցում, այլ կազմաքանդվում է, պառակտվում է, նա ասում է, որ եռյակում գաղտնիություն կա, հարթակը միացյալ չէ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Եռյակը բաղկացած է տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններից: Այդ կուսակցությունները չեն դադարեցրել իրենց կուսակցական գործունեությունը, որ մտել են եռյակ: Եռյակի գործունեությունը միայն որոշակի հարցերի շուրջ է: Ես, ոնց որ ԲՀԿ-ի տնտեսական հանձնաժողովի նախագահ, իմ գործը եռյակի հետ կարող է այս փուլում այնքան էլ ինտեգրված չէ, բայց սա մշտական գործ է: Այն հայտարարությունները, որոնք եռյակի անդամ կուսակցությունների ղեկավարները, կամ անդամները կամ պատգամավորները կատարում են, որը չի հակասում եռյակի ռազմավարությանը, թող կատարեն: Թող հայտարարեն: Որ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, կարող է ներսում էլ բարեփոխման ինչ-որ հարց ունեն, բերի դրան: Ինքը եռյակի նիստերում ներկայացուցիչներ ունի չէ՞: Եռյակի անդամ Ժառանգության ներկայացուցիչը մշտական շատ պարտաճանաչ մասնակցում է եռյակի նիստերին: Իրենք են քննարկում, ի՞նչ գաղտնիություն: Օրակարգը ձեւավորվում է եռյակի նիստերին, բոլորն ունեն հավասար ձայնի իրավունք: Ինչ քննարկում եւ ընդունում են՝ ընդունում են: Ո՞նց կարող է Ժառանգությունից կամ Ռուբիկ Հակոբյանից գաղտնի ինչ-որ բան լինի եռյակում, դրա համար գործիքներ չկան: Չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Վերջին շրջանում նոր ուժեր միացան եռյակին՝ Ազգային համաձայնություն, Ազգային անվտանգություն կուսակցությունները, Ժողովրդական կուսակցությունը եւ այլն: Միքայել Մելքումյանը շարունակեց՝ էլի կան, էլի, տասնյակից ավելի:

Մեր հարցին՝ ի՞նչ են տալու այդ ուժերը եռյակին եւ ինչքանո՞վ է ձեզ համար արժեւորվում դա,  երբ Տիգրան Կարապետյանը մի ժամանակ ասում էր ԲՀԿ-ն փողի կուսակցություն է, ժողովրդին շան տեղ չի դնում, իսկ այսօր միանում է եռյակին ու Գագիկ Ծառուկյանի գովքն է անում:  Ի՞նչ արժեք ունի նրա միացումը եռյակին: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ճիշտն ասած չեմ լսել, որ Տիգրան Կարապետյանը այդպիսի բան է ասել: Չեմ կարծում, որ նա այդպիսի բան է ասել: Չի կարող պատահի, որ նա այդպիսի բան ասած լինի: Բայց ցանկացած մարդ, անկախ սեռից, տարիքից եւ կուսակցական պատկանելությունից, մեզ համար շատ կարեւոր է, որ ինքն իր լուման, իր մասնակցությունն ունենա համաժողովրդական շարժմանը: Տիգրան Կարապետյանը վաստակ ունեցող անձնավորություն է, բավականին  ճանապարհ է անցել մեր աչքի առաջ, եւ նրա մասնակցությունը, նրա ներկայությունը ցանկալի եւ օգտակար է»:

Մեր հարցին՝ եթե մեկը քար է գցում, հետո միանում է եռյակին, սա չի՞ նշանակում, որ այդ մարդը սկզբունք չունի եւ հնարավոր է իշխանության կողմից ներդրված լինի եռյակում՝ Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ Տիգրան Կարապետյանի մասով նման կասկածներ հաստատ չունենն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930