Նոյեմբերի 27-ին, ժամը` 12:00-ին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա: «Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն ուղղեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցների՝ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել: Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված է «Մուտքի այցագրերի տրամադրման ազատականացման» մասին համաձայնագիր, ըստ որի վիզայի դյուրացված կարգի խմբում են նաև բուժման նպատակով Գերմանիա կանոնավոր այցելության կարիք ունեցող անձիք: Սակայն հիշյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններն անտեսվում են ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոսի կողմից , ով անհիմն պատճառաբանություններով մերժում է քաղաքացիներին ՝ չտրամադրելով մուտքի վիզա:
Խնդիրը բարձրաձայնելու և քաղաքացիների դժգոհությունը տեղ հասցնելու համար, Civil Voice ՀԿ կամավորները և մի շարք քաղաքացիներ, անարդարությանն ուղղված կոչերով և պաստառներով, մոտեցան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին նամակ հանձնելու նպատակով: Սակայն դեսպանատան աշխատակիցները ոչ միայն չընդունեցին նամակն, այլև թույլ չտվեցին այն գցել քաղաքացիների համար նախատեսված նամակարկղի մեջ՝ պատճառաբանելով, թե նամակը պետք է ուղարկել փոստով: Մերժելով նամակը և չլսելով հասարակության բողոքի ձայնը՝ եվրոպական կառույցը ևս մեկ անգամ ընդգծեց խտրական վերաբերմունքը՝ հայ հասարակության նկատմամբ: Պետք է փաստել, որ դա բացասական ստվեր է գցում ժողովրդավարություն քարոզող դիվանագիտական կառույցի համբավի վրա:
Այնուամենայնիվ Civil Voice ՀԿ-ն ուղարկեց նամակը: Այժմ կսպասենք օրենքով նախատեսված ժամկետի սահմաններում պատասխան արձագանքին, հակառակ պարագայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ ի վերջո հասարակության ձայնը լսելի դարձնելու համար:
Civil Voice ՀԿ