Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային միություն մտնելու դեպքում Վրաստանի և Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ունենալը բացառվում է. (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2014 19:40

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամների հետ հանդիպելիս, խոսք բացեց Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին: «Եթե 1999 թվականից իմ գործունեությունը հիշում եք, միայն մի խնդիր եմ առաջ քաշել. դառնալ ազատ տնտեսական գոտի: Ճիշտ է՝ «Ազատ տնտեսական գոտու մասին» օրենքը մենք ընդունեցինք, բայց դա շատ սահմանափակ է», -ասաց Սամվել Բալասանյանը: Ըստ նրա, եթե այդ օրենքը նորմալ գործեր, այնտեղ փոփոխություններ կատարվեին, Գյումրին կզարգանար և ոչ թե կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքը կանտեսվեր:

«Ինչի՞ համար Երևանը պիտի ունենա 71 միլիարդ դրամի բյուջե, որից 19 միլիարդը հավաքագրի, ասենք Գյումրին ինչի՞ պիտի դոտացիա ստանա 2 միլիարդ, տրամաբանությունը ո՞րն է: Եթե բնակչության թվաքանակով ես նայում, մենք տվել ենք 61 միլիոն, բա էդքա՞ն են մեզ տալիս: Մենք 100 հազար բնակչություն ունենք, գոնե 100 հազարին համապատասխան լինի գումարը», ասաց Գյումրու քաղաքապետը: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ իր հերթին դժգոհեց, որ «Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի» նախագիծ են մշակել, որն ամեն անգամ հետ են դարձնում, ու արդյունքում ամեն ինչ կենտրոնանում է Երևանում: Քաղաքապետը նեղրսրտեց, որ մշակույթի, սպորտի նախարարությունները Գյումրի չեն տեղափոխում, և գլուխը մեծացնելով՝ չգիտես ուր են հասնում (ի նկատի ունի Երևան):

«Գյումրու անունը հաճախ տվեք Ազգային ժողովում, որովհետև Գյումրին մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, ես որ քաղաքապետ չէի, ճիշտն ասած էդ կարևորությունը էդքան չէի հասկանում, ինչ հիմա: Շատ-շատ կարևոր քաղաք է, պատահական չէ, որ էստեղ ռուսական զորք կա կանգնած՝ 1800 թվականից մինչև հիմա: Գյումրին պետք է ուժեղ լինի»,- ասաց Սամվել Բալասանյանը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրն արդյո՞ք Գյումրու քաղաքապետի հետ քննարկել են: Ըստ տիկին Փոստանջյանի, մի քանի օր առաջ եղել են լսումներ Ազգային ժողովում, և Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունները, արտոնությունները, որ ունեինք, կպահպանվեն. Հայաստանը բանակցել է, բայց այս պայմանագրի ներքո մենք այլևս չենք կարող ունենալ ազատ տնտեսական գոտիներ: Ըստ Զարուհի Փոստանջյանի, ռազմավարական նշանակություն ունեցող հարևանների հետ՝ Վրաստանի ու Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ունենալը հնարավորություն կտար Հայաստանի հյուսիսն ու հարավը զարգացնել:  «Դուք այդ մասով, որ գոնե բանակցեիք, ճիշտ եք ասում ազատ տնտեսական գոտու առկայությունը Բավրայի հետ սահմանին, նաև Մեղրիում, մեր առաջարկն էր , որ երկու կետերում ունենայինք ազատ տնտեսական գոտիներ, գոնե այդ մասով վերապահումներ լինեին: Ես ինքս դեմ եմ այդ պայմանագրին, բայց գոնե վերապահումներ լինեին, որ ապագայում մենք մեզ չկաշկանդեիք»,- Գյումրու քաղաքապետին ասաց Զարուհի Փոստանջյանը: Սամվել Բալասանյանն էլ պատասխանեց, որ դեռ չի ծանոթացել պայմանագրին, կծանոթանա ու կբարձրացնի հարցը:

Քաղաքապետի հետ հանդիպումից հետո Aravot.am-ը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե այս խնդիրները Շիրակի մարզից ընտրված պատգամավորները չե՞ն բարձրաձայնում ԱԺ-ում, որ իրենք են գալիս գյումրեցիների խնդիրները լսելու: Պատգամավորը թեև իրեն իրավունք չվերապահեց գնահատել Շիրակի մարզից ընտրված պատգամավորների աշխատանքը, սակայն նշեց, որ նրանք այնքան նախանձախնդիր պետք է լինեին, որ ԱԺ-ում մի  քանի օր առաջ տեղի ունեցած լսումների ժամանակ  Արտաքին գործերի փոխնախարարի առջև հարց բարձրացնեին, թե ե՞րբ է վերջիվերջո Գյումրին դառնալու ազատ տնտեսական գոտի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    2 անժխտե՛լի փաստ կա. ա) ԵՏՄ-ն կործանելու է Հայաստանի տնտեսությունը, բ) քաղաք-պետություն Երևանը կործանում է մարզերը: Ուստի՝ նաև անկա՛խ տեղական բյուջեներ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930