Այսօր ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի: Նա կենթարկվի 50.000 դրամ վարչական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հայց էր ներկայացրել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի՝ Երևանի քաղաքապետարանի առաջ տեղի ունեցող նստացույցի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը՝ դադարեցնել բարձրախոսով հայտարարություններ անելը չկատարելու հիմքով:
Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանը տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են: «Սուրեն Սահակյանի դեմ հայց է ներկայացվել քաղաքապետարանի դիմաց բարձրախոսով հայտարարություն անելը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանի պահանջը չկատարելու հիմքով: Մինչդեռ բարձրախոսով խաղաղ հավաքի ընթացքում հայտարարություն անելը հավաքի անցկացման պայման է: Այդ պատճառով էլ զարմանում ենք, թե դատարանն ինչու նման որոշում կայացրեց: Ամեն օր ականատես ենք լինում բարձրախոսով տարբեր տեսակի հայտարարություններ ու կոչեր անելուն տարբեր տեսակի հավաքների ընթացքում, բայց ոչ մի անգամ ոստիկանությունը չի ասում, որ բարձրախոսով հավաքներ մի արեք: Խաղաղ հավաք անցկացնողը պարզ է, որ բարձրախոսով պետք է այն անցկացնի»:
Մեր հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, որ նման դատական գործերով, տուգանքներով, փորձում են քաղաքացիական շարժման մասնակիցներին վախեցնել, շարժումը մասնատել, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ոստիկանության նման կարգի միջամտությունը եղել է ոչ իրավաչափ: Նպատակը եղել է ակցիան ժամանակին դադարեցնելը, երևի իրենք կողմ էին, որ տրանսպորտը թանկանա: Խաղաղ հավաքին արգելելը բարձրախոսով խոսել պարզապես զավեշտալի է: Ինչ է, մարդիկ ուղղակի իրենց ցածր ձայնո՞վ պիտի խոսեին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դատավարության ընթացքը ի՞նչ էր ցույց տալիս, արդյոք դատարանի այս որոշումը կանխատեսելի՞ էր, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այո, դա ենթադրելի էր, քանի որ, երբ մենք ներգրավվեցինք գործին, հենց դատական նիստի ընթացքում խնդրեցինք մեզ տրամադրել ոստիկանության՝ դատավորին ներկայացրած նյութերը, քանի որ ոստիկանությունը, օրենք խախտելով, մեզ չէր ներկայացրել նյութերը, ինչը պարտավոր էր անել, դա պիտի ստուգեր դատավորը: Այնինչ դատավորը մերժեց մեր պահանջը, անգամ դիմել ենք գրավոր, դատարանը նորից մերժեց: Հետևաբար` մեզ համար հասկանալի էր արդեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ