Լրահոս
Օրվա լրահոսը

Լյարդը մեծացած, երիկամներում ավազ ունեցող հիվանդ տղային բանակ են տանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2014 17:47

Այսօր Շիրակի մարզում էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամները: Վերջիններս, խմբերի բաժանվելով, այցելեցին այս մարզի երեք քաղաքներ՝ Գյումրիի, Արթիկի ու Մարալիկի բնակիչների խախտված իրավունքների մասին բողոքները լսելու ու արձանագրելու:

Հանձնաժողովի անդամներ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Զարուհի Փոստանջյանը, Մարտին Թադևոսյանը նախ հանդիպեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Էլինար Վարդանյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, նուրբ ասած, տխուր վիճակում է գտնվում: Եվ իրենք նախորդ ամիս Ազգային ժողովում քննարկելով ՄԻՊ-ի զեկույցը՝ մեկ անգամ ևս համոզվեցին, որ վերջին 3 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրները չեն լուծվել, և իրավունքների ոտնահարման դեպքերն ավելացել են: Ու քանի որ, ըստ Էլինար Վարդանյանի, իրենց հանձնաժողովը ավելի հասանելի է Երևանի բնակիչներին, հանձնաժողովը որոշում կայացրեց այցելել նաև մարզեր ու տեղում հասկանալ բնակիչների խնդիրները:

Վերջիններս Գյումրու բնակիչների հետ հանդիպում էին նշանակել Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում: Ու չնայած երեք օր շարունակ հայտարարություն էր հնչել ԱԺ-ի՝ այս հանձնաժողովի այցի մասին, սակայն գյումրեցիները կարծես թե այդպես էլ ուշադրություն չէին դարձրել կամ միգուցե տեղյակ չէին եղել: Թիվ 20 դպրոց այցելած քաղաքացին` Գյումրու Գարեգին Նժդեհ 9 շենք, 5-րդ բնակարանի բնակիչ Մարտուն Պետրոսյանն էր, որի հիվանդ տղային՝ Արթուր Պետրոսյանին բանակ են զորակոչում: Վերջինս ասաց, որ 3 տարի առաջ իր տղային հետազոտել են, նա ճարպակալված է, լյարդը մեծացած է, երիկամների մեջ ավազ կա, այժմ առողջական վիճակն ավելի է վատթարացել, սակայն նրան զորակոչում են բանակ: «Ես կամիսիա եմ պահանջել, եթե իմ երեխան առողջ էր, թող 3 տարի առաջ բանակ տանեին: Ես, իհարկե, դեմ չեմ, որ իմ տղան բանակ գնա, բայց թող բուժեն, նոր գնա: Ես պաշտպանության նախարարին բողոքել եմ, նախագահին բողոքել եմ, վարչապետին էլ եմ բողոքել, նամակներն ուղարկել եմ ու պատասխան չեմ ստացել»,- ասաց բողոքավոր հայրը Էլինար Վարդանյանին:

Հանձնաժողովի անդամները նրան խոստացան բողոք-նամակը հասցեագրել պաշտպանության նախարարին՝ խորհուրդ տալով անպայման լրացուցիչ բժշկական փորձաքննության ներկայացնել տղային: Էլինար Վարդանյանը, աչքի անցկացնելով փաստաթղթերը, ասաց, որ հրաման է փոխվել, այն ժամանակ տղան պիտանի չի եղել զինծառայության, հիմա, ըստ հրամանի, համարվում է պիտանի՝ սահմանափակումով:

Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Պետրոսյանն ասաց. «Էս ամսի 22-ին գլխավոր կամիսիան էր, տղայիս հետազոտման ուղարկեցին Գյումրու պոլիկլինիկաներից մեկը, հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նայում եմ բժշկական ակտը, անցած տարվա հետ համեմատ՝ լյարդը ավելի մեծացել է, ուզում են բանակ ճամփեն, իսկ ես ասում եմ ՝անառողջ երեխային ո՞նց եք ուղարկում, եթե ուղարկող էիք, 3 տարի առաջ ուղարկեիք, հիմա կողքս կլիներ տղաս: Ի՞նչն է փոխվել: Ես նորից եմ կրկնում, դեմ չեմ, որ իմ երեխան ծառայի, տղաներիցս մեկը ծառայել է Շամշադինում, բայց որ ինքը պրոբլեմ ունի, ո՞նց գնա բանակ: Թող հետազոտեն, եթե 100 տոկոսով բուժում կստանա, թող գնա ծառայի, բա ի՞նչ պիտի անի, տղաս հո չի հրաժարվում ծառայելուց: Ուղղակի վատն էն է, որ քնում, ելնում որոշում են փոխում ու առողջներին թողած՝ հիվանդ երեխաներին են բանակ զորակոչում»:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930