«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների՝ ոստիկանության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմակերպած ասուլիսին ներկա էր նաեւ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է կատարում, եւ այդ աշխատանքները գտնվում են ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ. «Հավաստիացնում եմ, որ կարվի հնարավոր ամեն ինչ: Ոստիկանությունը շահագրգռված է, որ կատարվածը շուտ բացահայտվի»:
Նա խորհուրդ տվեց հրկիզված ավտոմեքենաների տերերին աջակցել ոստիկանությանը, քանի որ կարող են օգտակար տեղեկատվություն տրամադրել:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկաններն արդեն մի քանի վարկածներ են ուսումնասիրում. «Դեպքից անցել է ընդամենը մի քանի ժամ, ոստիկանությունն այս պահին բոլոր գործողությունները կատարում է, որպեսզի շուտափույթ բացահայտում լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ