«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներն այսօր՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության շենքի դիմաց ասուլիս էին կազմակերպել: Ասուլիսի ընթացքում «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը նշեց, որ մոտավորապես նույն ժամերին քաղաքի տարբեր հատվածներում հրկիզվել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների ավտոմեքենաները. «Սա նշանակում է, որ քաղաքում գործում է հանցավոր կազմակերպություն: Եթե կա ինչ-որ մի հանցավոր կազմակերպություն, որ իրեն կարող է թույլ տալ քաղաքի տարբեր կետերում հրկիզել ավտոմեքենաներ, ուրեմն՝ ոստիկանությունը լուրջ խնդիր ունի, եթե, իհարկե՛, ինքը չէ այս գործընթացի նախաձեռնողը»:
Նա կոչ արեց ոստիկանությանը շուտափույթ բացահայտել կատարվածը եւ վերականգնել մարդկանց վստահությունը: Վարդան Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը պատրաստվում է դրամահավաք կազմակերպել եւ հավաքված գումարով փոխհատուցել բոլոր յոթ մեքենաների կրած վնասները. «Մենք կոչ ենք անում մարդկանց, որոնք այսօր պատրաստվում են մասնակցել այդ խայտառակ համահայկական դրամահավաքին, բոյկոտել դրամահավաքը եւ իրենց միջոցները ներդնել այս ռեժիմի կազմակերպած հանցագործության արդյունքում տուժած բոլոր յոթ մեքենաների կրած վնասը փոխհատուցելու համար: Մենք մեր ժողովրդով պետք է թույլ չտանք, որպեսզի մեզ կարողանան հոգեբանորեն եւ ֆիզիկապես ճնշել, մենք կարող ենք մեզ պաշտպանել»:
Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ այդպիսի դեպքերը պետք է առիթ հանդիսանան, որպեսզի ժողովուրդը համախմբվի: Նա չբացառեց, որ այս գիշեր եւս կարող են լինել նման դեպքեր. «Ցանկացած այսպիսի քայլ ռեժիմի կողմից ունենալու է հակառակ ազդեցությունը, մենք այսուհետեւ ավելի համոզիչ պետք է դարձնենք մեր քայլերը: Այսպիսով՝ արձանագրում ենք՝ կազմակերպված ահաբեկչություն է իրականացվում ընդդեմ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության. այդ յոթ մեքենաներից վեցը մասնակցում էին նախաձեռնության ավտոերթերին»:
Կարդացեք նաև
«Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ բոլոր մեքենաները այրվել են նույն եղանակով՝ հրկիզող նյութ են լցրել անվադողի վրա եւ վառել են, արդյունքում՝ ավտոմեքենաները տարբեր աստիճանների վնասներ են ստացել. «Կոնկրետ վնասվել է իմ մեքենայի անվադողը, դրա հետեւում գտնվող անվաթեւը, դռան մի մասը, բոցը ներքեւի մասով հասել է մինչեւ նստարանի տակ, եթե հրշեջները մի փոքր ուշանային, ապա մեքենան ուղղակի կարող էր պայթել, որովհետեւ ավտոմեքենայի մեջ կար գազի բալոն, նույնը՝ Վարդան Հակոբյանի պարագայում: Դա ոչ միայն նյութական վնաս կլիներ, այլ նաեւ կարող էր մարդկանց առողջությանը, գույքին մեծ վնաս հասցնել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ