Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Վազգեն Խաչիկյան+12» գործով պաշտպանական ճառերի հրապարակումը։ Պաշտպանական ճառով հանդես եկան Վազգեն Խաչիկյանն ու նրա պաշտպան Ժորա Վարոսյանը։
Վազգեն Խաչիկյանն ասաց, որ չի ընդունում յուրացման, խարդախության եւ կազմակերպված խումբ ստեղծելու, այն ղեկավարելու իրեն մեղսագրվածը։ Նա մեջբերեց բազմաթիվ իրավական ակտերից օրինակներ, ասաց, որ օգտվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում տպագրված իրավական գրականությունից, եւ նկատել նաեւ, որ մեր քրեական օրենսգիրքը նույնական է ՌԴ-ի օրենսգրքին։
Նրան մեղսագրվել է, որ 29 միլիոն դրամ պետբյուջե չի մուտքագրել, այդ 29 մլն-ի մասին նրա պաշտպան Ժորա Վարոսյանը հայտնեց, որ Գյումրու սոցիալական ծառայության պետ Էդուարդ Վարժապետյանը, իբր այդ գումարը հանձնել է Վազգեն Խաչիկյանին, երբ Վազգեն Խաչիկյանը խորհրդակցություն էր հրավիրել 2010 թ. մայիսին իր աշխատասենյակում եւ արձանագրել Գյումրու տարածքայինում արձանագրված վնասի չափի մասին։ Ըստ Ժորա Վարոսյանի էլ՝ անհավանական է, որ 29 մլն գումարը նա տված լիներ Վազգեն Խաչիկյանին ու մոռացած լիներ։ Այդ գումարը Վարժապետյանը իբր ստացել էր Ռուբեն Մնացականյանից։ Վազգեն Խաչիկյանն ասաց, որ որպես այդպիսին՝ պետբյուջե 29 մլն դրամ գումար չի մուտքագրվել, քանի որ պետբյուջե վճարում են հարկեր, տույժեր։ Ըստ նրա՝ հափշտակություն չէր կարող լինել սեփական գույքի նկատմամբ կամ տիրազուրկ գույքի նկատմամբ։ Նա հարցրեց մեղադրողին, թե ինչո՞ւմ է դրսեւորվել հափշտակությունը, յուրացո՞ւմը եւ ո՞վ է տուժողը։
Վազգեն Խաչիկյանը մեջբերում արեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Մանուկյանի կայացրած դատավճռից, որը վերաբերել է Գյումրու ստորաբաժանման գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանի քրեական գործին։ Նա հարցրեց՝ Շիրակի մարզի դատարանը եւ թոշակի գնացած դատավոր Էդիկ Մանուկյանը այդ ի՞նչ տելեպատիկ հնարավորություններ են ունեցել, որ 29 մլն դրամի հարցը դրել են դատավճռի հիմքում՝ իբրեւ հետազոտման ապացույց եւ որի դեմ մեղադրող Հովհաննիսյանը բողոք չի բեր»:
Կարդացեք նաև
Խաչիկյանի հղում արած դատավճռից. ամբաստանյալին մեղսագրվող վնասի չափից 29 մլն գումարը, ըստ դատավճռի, տրվել էր Վազգեն Խաչիկյանին, նա էլ խարդախությամբ յուրացրել է։
Վազգեն Խաչիկյանը հարցրեց՝ «Ո՞ւմ եմ խաբել, ո՞ւմ վստահությունն եմ չարաշահել, ո՞րն էր շահադիտական իմ շարժառիթը»:
Նա խոստացավ հանդես գալ բավականին ծավալուն վերջին խոսքով, ռեպլիկով, եւ հորդորեց մեղադրողին, որպեսզի հրաժարվի մեղադրանքից։ Ամբաստանյալների շարքերից լսվեց «փողը մուծի» արտահայտությունը։
Ժորա Վարոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում եւ որ մյուս ամբաստանյալների ցուցմունքների հիման վրա է, որ նրան մեղադրանք են առաջադրել, իսկ նրանք գործով շահագրգռված անձինք են եղել։ Նա ասաց, որ ենթադրությունները չեն կարող դրվել ապացույցների հիմքում, որ Վազգեն Խաչիկյանը յուրացում չի կատարել, որեւէ խումբ չի ձեւավորել եւ 2008 թ.-ից հետո հրաման է տվել նոր կարգ ստեղծելու, համաձայն որի՝ կենսաթոշակառուների դիմումները ուղղվում էին համապատասխան ստորաբաժանումներին, այսինքն՝ այս հրամանով ավելացել է ստորաբաժանման աշխատակիցների աջակցությունը։
Նա միջնորդեց, որ Վազգեն Խաչիկյանը արդարացվի՝ ինչպես յուրացման, այնպես էլ՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեղադրանքից։ Ասաց, որ Էդուարդ Վարժապետյանը գումար չի տվել Վազգեն Խաչիկյանին, հետեւաբար՝ նա չէր կարող խարդախությամբ տիրանալ գումարին։
Պաշտպանը համոզիչ համարեց Վազգեն Խաչիկյանի ցուցմունքը, որը տվել էր նախաքննության ժամանակ եւ համաձայն այդ ցուցմունքի էլ նա խորհրդակցություն էր հրավիրել իր սենյակում այն բանի համար, որպեսզի պարտավորեցնի փաստաթղթերը տրամադրել վերահսկիչին եւ ոչ թե գումար տալու։
Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցին, նա ասաց, որ Վազգեն Խաչիկյանն ունի մինչեւ 14 տարեկան 2 երեխա, պարգեւատրվել է մեդալներով, եւ առկա չեն ծանրացնող հանգամանքներ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ