Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրել ՄԻԱՎ-ով. «ՄԻԱՎ-ը ո՛չ կրոն է հաշվի առնում, ո՛չ ռասա, ո՛չ բարոյականություն, ո՛չ նյութական վիճակ, ոչ ոք ապահովագրված չէ»

Նոյեմբեր 27,2014 16:10

Զղջման ու ափսոսանքի, մեղադրանքի ու կշտամբանքի խոսքերը Սառայի համար չեն: Հայացքում առողջ լավատեսությունն է, կյանքի նկատմամբ մեծ սերը: Սկզբում մտածել է՝Աստված է իրեն պատժում, բայց ավելի ուշ հասկացել, որ եթե չլիներ ամուսնու կողքին, ապա այսօր նա կենդանի չէր լինի, իր կարգավիճակը բացահայտելուց հետո չէր ամուսնանա, մինչդեռ ամուսնացել է՝ առանց իմանալու:

«Ես ուժեղ մարդ եմ, ու կարողացա նաև օգնել ամուսնուս: Ամենակարևորը՝ եթե ես չուզենայի հաղթահարել, ոչ մի կազմակերպություն էլ ինձ չէր օգնի: Իհարկե, եղել են մարդիկ, ովքեր շատ են օգնել, մանավանդ սկզբնական շրջանում… Բայց ինձ օգնել են իմ ինքնակրթությունը, իմ՝ լավ ապրելու ցանկությունը: Չեմ ուզել բողոքի գիրք դառնալ ու մշտապես ամեն ինչից տրտնջալ: Երեխեքս ինձ ուժ են տալիս, ես իրավունք չունեմ թուլանալու»,- ասում է 36-ամյա Սառան:

Իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանում է, երբ դեռ ընդամենը 20 տարեկան էր, երեք ամսական հղիության ժամանակ:

«Ինձ վատ չէի զգում, երբ գնացի հերթական բժշկական հետազոտության, ուղարկեցին ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն… Պարզվեց՝ մի հինգ ամիս էր, ինչ վարակվել էի ամուսնուցս: Երկար ժամանակ Ռուսաստանում էին ապրել, ենթադրում ենք՝ անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել: Տղամարդկանց մեծ մասը գնում է այդ բանին, մեկի բախտը բերում է, մյուսինը՝ չէ: Էնպես չէր, որ ինքը ինձ դավաճանել էր, մենք, անկեղծ ասեմ, իդեալականին մոտ ընտանիք ենք, ու միակ խնդիրը մեզ համար դա էր: Ահավոր մեղքի զգացում ուներ, բայց, Աստված վկա, ես նրան երբեք չեմ մեղադրել»,- անկեղծանում է Սառան:

AID-day-1

Խոստովանում է, որ ՄԻԱՎ-ը չի եղել իրենց միացնողը կամ բաժանողը, երբեք չի էլ մտածել ամուսնուն լքելու մասին, ընտանիքն ամուր հիմքերի վրա էր դրված, ՄԻԱՎ-ը չէր կարող այն քայքայել:

Ինչպես շատերը, Սառան նույնպես անցնում է սթրեսի, վախերի ու դեպրեսիայի միջով:

«Ամեն ինչ փակ էր: Երեք ամսական հղի, չունես ինֆորմացիա, որ կարող ես առողջ բալիկ ունենալ, ինձ թվում էր՝ դա վերջն է: Կհասցնե՞մ երեխայիս տեսնել, թե՞ չէ, հետո, երբ երեխան ծնվեց, մտածում էի՝ կհասցնե՞մ առաջին քայլերը տեսնել, հետո մտածում էի՝ կհասցնե՞մ առաջին խոսքը լսել: Աստծո հետ կռիվ էի տալիս՝ ի՞նչ էի արել, որ ինձ նման պատժի էր արժանացնում, բայց հետո հասկացա, որ պատիժ չէ, այլ՝ փորձություն: Մանավանդ այլ մարդկանց հետ շփվելով, Հայաստանից դուրս, տեսնում ենք, որ ՄԻԱՎ-ը մարդկանց համար խնդիր չէ, էդ մենք ենք իրականում ՄԻԱՎ-ից մեծ խնդիր սարքում»,- նշում է նա:

Սառայի երեխան առողջ է ծնվում: Ասում է, որ իր հղիության ժամանակ վարակված երեխա ունենալու հավանականությունը 2 տոկոս էր, քանի որ կանխարգելիչ բուժումը ստացել էր: Հղիության ընթացում սկսում է բուժումը, դեղամիջոցները չեն խանգարում պտղին, երեխային ունենում է կեսարյան վիրահատությամբ, կրծքով չի կերակրում: Երեխայի ծնվելուց հետո նրան տալիս է օշարակի նման դեղեր, ինչը կոչվում է հետկոնտակտային կանխարգելում:

Հայաստանում այսօր արդեն 70-ից ավելի երեխաներ կան, ովքեր ծնվել են ՄԻԱՎ ունեցող մայրերից:

Սառան և ամուսինը պլանավորում են մի քանի տարի անց հաջորդ երեխան ունենալ, այսօր արդեն նրանք մեծացնում են իրենց երկու առողջ դուստրերին:

Սառան ասում է, որ ամուսնու ընտանիքը տեղյակ է իրենց խնդրից, ինչն անխուսափելի էր, քանի որ միասին են ապրում: Իր ծնողները չգիտեն:

«Ես էլ եմ մայր, երկու աղջիկ ունեմ ու պատկերացնում եմ իմ ծնողների վիճակը: Եթե իմանան, ուզեն-չուզեն ենթագիտակցորեն պետք է մեղադրեն, չէ՞, ամուսնուս, բայց ես անգամ նրան ներելու խնդիր էլ չեմ ունեցել, մեր հարաբերությունները շատ նորմալ են: Հետո՝ նրանց իմանալով իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, ընդհակառակը՝ իրենց հոգսերն են ավելանալու, մտածմունքները»,- ասում է Սառան:

Որո՞նք են հասարակությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրները: Սառան միանգամից նշում է, որ մարդիկ ՁԻԱՀ-ը զուգորդում են մարմնավաճառության, թմրամոլության հետ՝ հաշվի չառնելով մի շատ կարևոր բան. հայ կանանց 98 տոկոսը իրենց ամուսիններից է վարակվում, ովքեր նրանց միակ զուգընկերն են, և ովքեր ո՛չ թմրամոլ են ու ո՛չ էլ մարմնավաճառ:

«ՄԻԱՎ-ը ո՛չ կրոն է հաշվի առնում, ո՛չ ռասա, ո՛չ բարոյականություն, ո՛չ նյութական վիճակ, ոչ ոք ապահովագրված չէ, և սա որևէ կոնկրետ խմբի հիվանդություն չէ»,-ասում է նա:

Զրույցի ընթացքում Սառան զանգ է ստանում մի կնոջից, ով նախորդ օրն է ծննդաբերել:

«Այս աղջկան աղաչել-պաղատել եմ, որ աբորտ չանի, իմ երեխեքին եմ ցույց տվել… Նա ինձ նման հղի վիճակում է իմացել իր կարգավիճակի մասին, չեմ թողել, որ հիմարություն անի… ես իմ լավատեսությամբ, իմ խորհուրդներով շատ եմ օգնում մարդկանց, իր հետ հավասար ծննդաբերեցի, այդքան բժշկին չի զանգում, որքան ինձ»,- ժպտալով պատմում է նա:

Սառան մի ցանկություն ունի, որ ՄԻԱՎ ունեցողների բուժումը մշտական լինի: Նա համարում է, որ սա ամենագլխավոր խնդիրն է իր նմանների համար:

«Այս պահին Գլոբալ հիմնադրամն է ծախսերը հոգում, դա շատ թանկարժեք դեղորայք է, դա այն դեղն է, որ խմում են ինձ նման արդեն մոտ 500 մարդ Հայաստանում: Բայց այդ հիմնադրամը հավերժ չէ, մի օր կարող է գնալ: Եթե ես մի օր դեղ չխմեմ, դրանից հետո մաքսիմում երեք տարի կապրեմ: Դիմադրողականությունն աստիճանաբար ընկնում է, մարդը հայտնվում է ՍՊԻԴ-ի փուլում, ու վրա է գալիս մահը»,- բացատրում է նա:

Սառան ասում է, որ ժամանակին կվախենար իր կարգավիճակը բացահայտելուց, բայց հիմա՝ ո՛չ, քանի որ գիտի՝ իր իրավունքներն ինչպես պաշտպանել:

«Չեմ բարձրաձայնում ընդամենը մեկ պատճառով՝ երեխաներիս, իսկ ես նրանց համար եմ ապրում: Չունեմ խնդիր, բայց եթե բացեմ կարգավիճակս, 99 տոկոսով կունենամ: Շատ դեպքեր են եղել, երբ հենց բուժհաստատություններում ՄԻԱՎ-ով մարդիկ կոպիտ, խտրական վերաբերմունքի են արժանանում, նրանց համապատասխան բուժծառայություն չեն տրամադրում, բայց, փառք Աստծո, ես այդ առումով բախտավոր եմ: Ինձ համար թիվ մեկ խնդիրը դեղերն են, եթե դրանք եղան՝ կփորձենք մեր երեխաներին հասցնել իրենց նպատակին»,- ասում է Սառան:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930