Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չի անդրադառնում եռյակին եւ նրա թեսթերին

Նոյեմբեր 27,2014 15:33

«Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունը իրական հիմքեր ունի, չեմ էլ կարծում, որ այդ նախաձեռնությունը որևէ հաջողություն կունենա»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի`Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությանը:

Լրագրողներից մեկի հարցին`արդյո՞ք դա թեսթ չէ եռյակի համար, նա ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ եռյակին ու նրա թեսթերին:

Անդրադառնալով արդեն եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», իշխանափոխության պահանջին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ժամանակ չունի անդրադառնալ, թե ո՞վ եւ ի՞նչ իշխանափոխության պահանջ է ներկայացնում. «Հանրապետականն ունի իր օրակարգը, որով էլ շարժվում է: Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն ուժի հետ աննպատակ քննարկումներն են, այլ նպատակային քննարկումներն են, ինչն էլ առաջարկել ենք: Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք պետք է լինեն երկխոսության, կոնսենսուսի հիման վրա, սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»:

ԱԺ փոխխոսնակը կրկնեց նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, որ Հայաստանում համաժողովրդական շարժում չի տեսնում, քանի որ այն ուղղակի չկա: «Դասական առումով եռյակ էլ չկա, որովհետև Հայաստանի համար ամենակարևոր հարցերի շուրջ այդ քաղաքական ուժերը ունեն տրամագծորեն տարբեր կարծիքներ: Անգամ տրամագծորեն տարբեր կարծիքներ ունեն իշխանության հետ երկխոսելու հարցի շուրջ: Էլ չեմ ասում, որ եռյակում կա քաղաքական ուժ, որի ներսում տարբեր կարծիքներ կան նույն ԵՏՄ-ին անդամակցելու հարցով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930