«Կրոնական կազմակերպությունները, օգտագործելով ցանցային մարքեթինգի գործունեությունը, զբաղվում են ինքնաֆինանսավորմամբ եւ իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքացիներին պարտադրում են ներքաշվել այդ կառույցի մեջ»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունները օգտագործում են ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերությունները հիմնականում իրենց եկամուտներն ապահովելու համար. «Եթե կա ցանցային մարքեթինգ, ապա մարդն ինքը պիտի ցանկանա մտնել դրա մեջ: Սակայն այս սկզբունքը կրոնական կառույցների պարագայում չի գործում, քանի որ եթե հովիվը ցանկանում է, որ մարդ զբաղվի ցանցային մարքեթինգով, նա պարտավոր է զբաղվել եւ չի կարող հրաժարվել»: Իսկ եթե ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերություններում կան նման կերպով պարտադրված աշխատակիցներ, ապա անպայման խարդախություններ են լինում,- նշեց Ամարյանը:
Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրեց, որ ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերություններից մեկի՝ «Qnet» ընկերության դեմ այս թեմայով բողոքներ են հնչել: Մոտ 70 հոգի հենց միայն կրոնական կառույցներից աշխատակիցներ են եղել «Qnet»-ում:
Ասուլիսին ներկա էր «Qnet» ընկերության անկախ խորհրդատու, անհատ ձեռնարկատեր Ավետիս Վարոսյանը, որն անդրադառնալով ընկերության ներկայացուցիչների դեմ բողոքներին, նշեց, թե Qnet» ընկերությունը զբաղվում է միայն էլեկտրոնային կոմերցիայով եւ այն չի հանդիսանում կրոնական կազմակերպություն, մինչդեռ իր կազմի մեջ ներառում է աշխարհում բոլոր տեսակի կրոններից ներկայացուցիչներ եւ չկա որեւէ արգելք, որի դեպքում անձը չի կարող դառնալ կազմակերպության անդամ, քանի որ պատկանում է որեւէ կրոնական կազմակերպության:
Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 21-ին դատարանում Հայ ավետարանչական եկեղեցու ղեկավարը պաշտոնապես հայտարարել է, որ իրենց կազմակերպությունում արգելվել է աշխատել «Qnet» ընկերությունում, քանի որ ընկերության դեմ բազմաթիվ բողոքներ են հնչել:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ