Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով Նախախորհրդարանի ներկայացուցիչների ավտոմեքենաների հրկիզման դեպքին, ասաց, որ ոչ մի որակում չի կարող տալ, քանի որ այն քննչական, հետաքննչական մարմինների գործն է. «Որպես արդարադատության նախարար, ես պետք է փաստերին լիարժեք տիրապետեմ, որպեսզի գնահատական տամ: Մամուլին բնականաբար հետեւում եմ, բայց դա բավարար չէ գնահատական տալու համար»:
Հարցին, թե մամուլն ամեն անգամ գրում է, որ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն «ինքնագլուխ է, չի ենթարկվում ձեզ եւ ցանկացած գործ այնպես է անում, ինչպես իրեն է հարմար», Հովհաննես Մանուկյանն ասաց`«Արդարադատության նախարարության համակարգում բոլոր ծառայությունները աշխատում են նորմալ, օրենքի շրջանակներում: Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության ղեկավարին պետք է բնութագրեմ, որպես շատ լավ աշխատող, որովհետեւ այդ համակարգն աշխատում է հստակ կարգապահ, իսկ այն դժգոհությունները, որոնք վերջին շրջանում կան, դրանք հիմնականում թերի օրենսդրական կարգավորումների արդյունք են, ինչի ուղղությամբ մենք որոշակի փորձեր ենք անում բարելավվելու»:
Արդարադատության նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ